Համահայկական երկրորդ ձմեռային խաղերում մեկնարկել է լեռնադահուկի մրցաշարը, որին ընդհանուր առմամբ մասնակցում է 39 մարզիկ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզի «Մայլեռ» հանգստյան գոտու տարածքում կայացավ լեռադահուկի հսկա ոլորավայրէջք մրցաձևը, եզրագծին հասավ միայն 15 մասնակից:
Տղամարդկանց պայքարում լավագույն եռյակում Երևանի թիմի մարզիկներն էին: Լավագույններն են` Գլեբ Մոսեսովը, Աշոտ Կարապետյանը, Մարկ Ստեփանյանը:
Կանանց պայքարում առաջին երկու տեղերում Ծաղկաձորի ներկայացուցիչներն են՝ Արուս Եղիզարյանն ու Անի Մանուկյանը: Բրոնզե մեդալի արժանացավ Սոչիից Ալեքսանդրա Մալխասյանը:
Համահայկական առաջին ձմեռային խաղերը կայացել էին 2014 թվականին: 11 տարի անց մեկնարկած երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքներից: Առաջին խաղերին, որոնք կայացել էին Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում կանցկացվեն հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մրցումներ: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերն անցկացվում են Ապարանի տարածաշրջանում և Երևանում: Համահայկական խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին և կեզրափակվեն փետրվարի 7-ին։