Հաղթեց եղբայրությունը. Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն ավարտված են
5 րոպեի ընթերցում
![Հաղթեց եղբայրությունը. Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն ավարտված են](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/07/CBwAfAOSnHJXuKlnXCzG0vlt4Fjd1yfgT6GyFz7e.webp)
Մարվեց Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կրակը. խաղերն ավարտված են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջերմուկ քաղաքում կայացավ Համահայկական խաղերի փակման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանը և այլ պաշտոնյաներ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի խոսքով` Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կրկին մեկտեղեցին աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայրենակիցներին:
«Այս խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլև խորհրդանիշ մեր համախմբվածության, հավաքական ուժի ու անկոտրում կամքի: Ցանկանում եմ շնորհավորել խաղերի բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին ու մասնակիցներին, որոնց նվիրումով կայացավ համահայկական այս տոնը: Այս օրերին ականատես եղանք ոչ միայն մարզական մրցակցության, այլ եղբայրության, համագործակցության և միասնականության ոգու դրսևորման: Մասնակիցները ցույց տվեցին, որ սպորտը սոսկ հաղթանակների ու մեդալների մասին չէ, այլ կամուրջ է, որը միավորում է բոլորիս: Մեր պետության համար այս բարդ ժամանակաշրջանում նման միջոցառումները հզոր ազդակ են, որ միասին կարող ենք հաղթահարել ցանկացած փորձություն: Այս խաղերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր ժողովուրդը համախմբվելու, միասին արարելու և հաղթանակներ կերտելու ուժ ու կամք ունի»,-ասաց նախագահը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, դիմելով ներկաներին ու մասնակիցներին, մասնավորապես ասաց.
«Ես չէի սպասում, որ Համահայկական խաղերն այսքան լուսավոր մի տոնի կվերածվեն, որովհետև բացման իմ խոսքի ընթացքում ասացի, թե որքան դժվար տրվեց մեզ այս խաղերն անցկացնելու որոշումը: Կարծում եմ, երբ երկու տարի առաջ այդ որոշումը կայացնում էինք, մենք հաջողեցինք: Հաջողեցինք, որովհետև բոլոր խաղերին մենք տեսանք մրցակցություն, տեսանք միասնություն, տեսանք եղբայրություն: Յուրաքանչյուր այսպիսի միջոցառում մեզ համար կարողությունները զարգացնելու հնարավորություն է: Մեծ շնորհակալություն Վայոց Ձորի մեր հայրենակիցներին, հատկապես Զերմուկ քաղաքին` այս հյուրընկալության համար: Զերմուկն այսուհետ կհիշվի նաև որպես Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մայրաքաղաք, ինչպես Օլիմպիական խաղերի դեպքում է»,-ասաց Հարությունյանը:
Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանը ձմեռային երկրորդ խաղերը կայացած է համարում:
«Մենք բոլորս հաղթեցինք, պարտվողները միայն չարակամներն էին: Մենք բոլորս հաղթեցինք, որովհետև Համահայկական խաղերի գաղափարն այլևս անշրջելի է, անփոխարինելի և հաստատուն: Հայաստան-սփյուռք միասնությունը` սպորտով: Շնորհակալ ենք հյուրընկալ Զերմուկին, Վայոց Ձորի մարզին: Մենք հաղթել ենք բոլորս իրար հետ»,-ասաց Զաքարյանը:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի «Լավագույն պատվիրակություն» ճանաչվեց Կոտայքի մարզի պատվիրակությունը:
«Արդար խաղի» մրցանակին արժանացավ Մոնրեալի թիմը:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հայտնություն ճանաչվեց Վոլգոգրադի թիմը:
Իսկ «Մարզական ոգի և արիություն» մրցանակին արժանացավ Լիբանանի թիմը:
Համահայկական խաղերի շնորհակալագրով պարգևատրվեցին խաղերի գլխավոր մրցավար Դավիթ Բաղումյանը, Խաղերի աջակից Վարդան Սարգսյանը, Ջերմուկ համայնքի մարզամշակութային ՀՈԱԿ-ի տնօրեն Գոռ Թադևոսյանը, պարեկային ծառայության Վայոց Ձորի 2-րդ վաշտի հրամանատար Գևորգ Գյուրջյանը, «Ջերմուկի Կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արտուշ Սիմոնյանը, Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Արման Հայրապետյանը, հանրապետական շտապ օգնության հերթապահ բժիշկ Վահան Թորոսյանը:
«Համահայկական խաղերի 25-ամյակի մեդալով» պարգևատրվեց առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Գևորգ Ազիզյանը, ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ Հայկ Բաբայանը: Համահայկական խաղերի 20-ամյակի մեդալով» պարգևատրվեց ՀՀ դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը, Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Հայաստանի ձնամարտի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Պետրոսյանը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի «Պատվո նշան» շքանշանով պարգևատրվեցին Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ Կարեն Մկրտչյանը: