Հայաստան

ՀՀ արդարադատության նախարարը դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանը բարձր է գնահատել բարեկամական Իրանի հետ բազմաբևեռ փոխգործակցությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարը դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանը բարձր է գնահատել բարեկամական Իրանի հետ բազմաբևեռ փոխգործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է գերատեսչությունը՝ հավելելով, որ նախարարը բարձր է գնահատել բարեկամական Իրանի հետ բազմաբևեռ փոխգործակցությունը՝ մասնավորապես շեշտելով Արդարադատության նախարարությունների միջև ձևավորված սերտ համագործակցությունը։

ՀՀ արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ անդրադառնալով Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերություններին՝ ԻԻՀ դեսպանը կարևորել է խնդիրներին միասնական լուծում տալու ձևավորված պրակտիկայի շարունակական կատարելագործումը՝ մեջբերելով հետևյալ ասույթը՝ «Պատուհանը բացելիս՝ մաքուր օդի հետ փոշի էլ է մտնում»: Դրան ի պատասխան Արդարադատության նախարարը վերահաստատել է ջանքերի մեկտեղումը՝ ծագող խնդիրներն արագ ֆիլտրելու և լուծելու հարցում: 

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել արդարադատության համակարգին առնչվող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: 

«Քննարկվել են մեր երկրում անազատության մեջ գտնվող ԻԻՀ քաղաքացիներին վերաբերող մանրամասներ: Հանդիպման ավարտին վերահաստատվել է ՀՀ-ԻԻՀ դատական և իրավական հարցերով աշխատանքային խմբի՝ Թեհրանում կայանալիք երկրորդ նիստի կազմակերպման անհրաժեշտությունը»,-նշված է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում