Հայաստան

ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը

3 րոպեի ընթերցում

ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը

Ազգային ժողովում մեկնարկած իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է լիազորությունները ստանձնած կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է վերախմբագրել լիազորությունները ստանձնած կառավարության անդամի երդման տեքստը՝ այն հիմնավորմամբ, որ գործող տեքստն ամբողջությամբ չի արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման և զարգացման առանցքային տարրերը։

«Առաջարկվող նոր տեքստում օգտագործված հասկացություններն ընտրվել են՝ արտացոլելու համար ՀՀ պետականության հիմքերը, ժողովրդավարական կառավարման սկզբունքները և կառավարության անդամի սահմանադրական առաքելությունը»,- ասաց Գալյանը։

 Նախարարը նշեց, որ առաջարկվում է երդման տեքստում կիրառել «հանուն ՀՀ հարատևության, ինքնիշխանության և զարգացման» ձևակերպումը։

««Հարատևություն» հասկացությունը վերաբերում է ՀՀ շարունակական գոյությանն ու կայունությանը, «ինքնիշխանություն» հասկացությունը՝ պետության ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասությանը, իսկ «զարգացում» հասկացությունը՝ պետության առաջընթացին և բարեկեցության ապահովմանը»,- մանրամասնեց Գալյանը։

Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է պահպանել նաև «պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները» դրույթը, որն ընդգծում է կառավարության անդամի՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան գործելու պարտականությունը։

««Ծառայել հանրային շահին» ձևակերպմամբ սահմանվում է, որ կառավարության անդամի գործունեությունը պետք է ուղղված լինի հանրային շահի ապահովմանը և չպետք է պայմանավորված լինի մասնավոր կամ առանձին խմբերի շահերով։ «Պաշտպանել պետական շահը» ձևակերպումը կառավարության անդամի պարտականությունը կապում է ՀՀ պետական շահերի պաշտպանության հետ՝ իր լիազորությունների իրականացման շրջանակներում»,-հավելեց նախարարը։

 Գալյանի խոսքով՝ «նպաստել ՀՀ պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը» դրույթը նախատեսում է կառավարության անդամի կողմից պետական ինստիտուտների և սահմանադրական կարգի ամրապնդմանն ուղղված գործունեություն։ «Գործել ի շահ ներկա և ապագա սերունդների» ձևակերպմամբ կառավարության անդամի գործունեության շրջանակում ընդգծվում է երկարաժամկետ հետևանքների հաշվառումը և այնպիսի որոշումների կայացումը, որոնք հաշվի են առնում նաև ապագա սերունդների շահերը։

«Այս մոտեցումը միտված է ամրապնդելու միջսերնդային պատասխանատվության սկզբունքը պետական կառավարման մեջ»,- եզրափակեց նախարարը

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում