Սիրիայի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են 400 զինյալի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում սիրիական զորքերը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ ոչնչացրել են ավելի քան 400 զինյալի, այդ թվում՝ օտարերկրյա վարձկանների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սիրիայի բարձրագույն հրամանատարության հայտարարությունը:

«Վերջին ժամերի ընթացքում մեր ուժերի և բարեկամ ռուսական ուժերի համատեղ իրականացրած ճշգրիտ հարվածների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 400 ահաբեկիչ, այդ թվում՝ օտարերկրացիներ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում սիրիացի զինվորականները հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերին և նրանց մատակարարման ուղիներին Հալեպի և Իդլիբի նահանգներում՝ ոչնչացնելով հինգ շտաբ և զինամթերքի ու անօդաչու թռչող սարքերի յոթ պահեստ:

Նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ին (նախկինում՝ Ջաբհաթ ան Նուսրա) պատկանող խմբավորումները խախտել են ապաէսկալացման համաձայնագիրը և հարձակվել Հալեպ և Իդլիբ նահանգների վրա։ Նրանք գրոհել են բնակավայրերն ու զինվորականների դիրքերը, իսկ նոյեմբերի 29-ին լայնածավալ գործողություն են սկսել՝ շարժվելով դեպի Հալեպ ու Համա։ Նոյեմբերի 30-ին գրոհայինների վերահսկողության տակ է անցել Հալեպը և նրա շրջակայքը, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը և Քուվեյրիս ռազմական օդանավակայանը։

Գրոհայիններին առաջին անգամ է հաջողվել ամբողջությամբ գրավել Հալեպը 2011 թվականին Սիրիայում ճգնաժամի սկզբից ի վեր։ Մինչև 2016 թվականի վերջը զինված ընդդիմությունը վերահսկում էր քաղաքի միայն արևելյան հատվածը, սակայն սիրիական բանակը օդատիեզերական ուժերի աջակցությամբ դուրս մղեց նրանց այնտեղից։

Հալեպի գրավումից հետո զինյալները փորձել են առաջ շարժվել դեպի Համա քաղաք՝ գրավելով Մաարեթ Նուման բնակավայրը, իսկ նահանգի հյուսիսում՝ Թել Ռիֆաթ շրջանում, նրան փորձել են շարժվել քրդական ուժերի կողմից վերահսկվող տարածքների խորքը։

Սիրիական զորքերը պատասխանել են գրոհին, ինչի հետևանքով գրոհայինները կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ են կրել։ Ինչպես հայտարարել է Սիրիայի բանակի հրամանատարությունը, դեկտեմբերի 1-ին Համայում ահաբեկիչների առաջխաղացումը կասեցվել է, և կառավարական զորքերն անցել են հակահարձակման՝ ազատագրելով գրավված որոշ բնակավայրեր։

Մերձավոր Արևելք

Սիրիական և ռուսական ուժերի ավիահարվածներից Իդլիբում կա 25 զոհ. Reuters

 

Հայերեն Русский

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում