Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների գործողությունը 60 օրով կասեցրել է, քանի որ դրանք կարող էին Մոսկվային հեռացնել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:
«Ես այժմ բանակցություններ եմ վարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը խաղաղ ճանապարհով կարգավորելու շուրջ և չեմ ցանկանում որևէ քայլ ձեռնարկել, որը կարող է անմտորեն հեռացնել Ռուսաստանին բանակցությունների սեղանից։ Զգալի առաջընթաց է գրանցվում, և դա ներառում է նաև ներկայում ընթացող բանակցությունները պատանդների փոխանակման շուրջ», - գրել է Թրամփը։
Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի կարող է ստորագրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ փաստաթուղթը։
Թրամփն օրերս հայտնել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ ժամանակավորապես կասեցրել է Ռուսաստանի և նրա էներգակիրների հիմնական գնորդների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու գործընթացը։
Truth Social-ում գրառման մեջ Թրամփը նաև նշել է, որ Ռուսաստանը շատ քիչ չափով է օգնում Իրանին, եթե, իհարկե, օգնում է: ԱՄՆ նախագահը նշել է, որ կցանկանար, որ այդպես էլ շարունակվեր, «եթե հիմար մարդիկ չխանգարեն դրան»: