8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆիլմերի հայտնի պրոդյուսեր, ստուդիաների ղեկավար, «ՌեԱ» փառատոնի խորհրդի անդամ Մաքս Հոուարդի կարծիքով՝ հաջողված ֆիլմ ստեղծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ բովանդակություն պարունակող լավ պատմություն, քանի որ միայն ֆիլմի պատկերը բավարար չէ հանդիսատեսին գոհացնելու համար։
Մաքս Հոուարդը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով hաջողված անիմացիոն ֆիլմ ստեղծելու գրավականին, ֆիլմարտադրության ընթացքում պրոդյուսերների և ռեժիսորների միջև հնարավոր տարաձայնություններին և դրանց նշանակությանը, ամերիկյան և եվրոպական կինոարվեստի տարբերություններին և առանձնահատկություններին, հայկական արտադրության անիմացիային և մի շարք այլ հարցերի։
Զրույցի սկզբում հանրահայտ պրոդյուսերը նշեց, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու համար, քանի որ ապրում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքում և հատուկ կապվածություն ունի հայ ժողովրդի հետ։
Անդրադառնալով հարցին, թե ո՞րն է հաջողված անիմացիոն ֆիլմ ստեղծելու համար առաջին անհրաժեշտ քայլը՝ Մաքս Հոուարդը նշեց, որ առաջին անհարժեշտությունը պատմություն ունենալն է․ «Ինձ դուր է գալիս պատմություն ստանալը։ Մենք քննարկում էինք բազմաթիվ տարբեր տեխնիկաներ, սակայն դրանցից ոչ մեկը նշանակություն չունեն, քանի դեռ պատմություն չեք ստացել: Դա ամենակարևորն է։ Ես սիրում եմ պատմել, ես թատրոնից եմ, թատրոնի մարդ եմ, և ինձ շատ ավելի հետաքրքրում է պատմությունը: Դուք կարող եք պատմություն մշակել, իսկ հետո որոշել, թե ինչպես նկարել այն»։
Ինչ վերաբերում է պրոդյուսերի և ռեժիսորի միջև ֆիլմերի մշակման ընթացքում հնարավոր բանավեճերին և այն հարցին, թե արդյոք դրանց արդյունքում կինոն շահո՞ւմ է, թե՞ ոչ, պրոդյուսերը կարծիք հայտնեց, որ հարկավոր է կանգնել այն մարդկանց կողքին, որոնք ընտրվում են որպես ֆիլմի ռեժիսոր կամ դերասան։
«Եթե դուք կարող եք ճիշտ մարդկանց ընտրել ճիշտ նախագծի համար, ապա պետք չէ ասել, թե ինչ-որ մեկը լավ կամ վատ ռեժիսոր է։ Պետք է ընտրել ռեժիսորի, որը ճիշտ է կոնկրետ ֆիլմի համար: Կարծում եմ, որ դուք պատասխանատվություն եք կրում՝ աջակցելու այդ մարդկանց տեսլականին: Դուք կարող եք հետո մտածել, որ սխալ որոշում եք կայացրել, սակայն, եթե հստակեցնեք ձեր թեման, պատմությունը, ապա ավելի քիչ տարաձայնություններ կունենաք: Դուք կարող եք դրանք ունենալ, և անհնար է ասել, որ երբեք չեք ունենա»։
Մաքս Հոուարդի դիտարկմամբ՝ չի կարելի միանշանակորեն հայտարարել, որ, օրինակ, եվրոպական կամ ամերիկյան կինոարվեստները շատ խիստ տարբերություններ ունեն։
«Արդար կլինի ասելը, որ ռեժիսորները տարբեր ոճեր ունեն։ Ինձ դուր չի գալիս այն հայեցակարգը, որ տարբերություն կա ամերիկյան և ֆրանսիական կամ գերմանական կամ որևէ մեկի ֆիլմարտադրության միջև: Ես ավելի շատ նայում եմ, որ կա առանձին ռեժիսոր, որն այլ ոճ ունի»,-իր խոսքում նշեց Մաքս Հոուարդը:
Հանրահայտ պրոդյուսերն, անդրադարձ կատարելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է լինում տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացման շրջանում պահպանել կինոարվեստում տարիներ շարունակ եղած ավանդույթները, նկատեց, որ նոր տեխնոլոգիաներն, իրականում, օգնում են ֆիլմարտադրությանը։
«Մենք տեսնում ենք շատ ավելի բազմազան ֆիլմեր և հատկապես անիմացիա, և տեսնում ենք, որ տեխնոլոգիաներն օգնում են: Այո, աշխարհն այսօր այլ է, բայց կինոռեժիսորը դեռ պետք է հասկանա ֆիլմի ստեղծման և մոնտաժի տեխնիկան կամ, օրինակ, այն, թե որտե՞ղ պետք է լինի տեսախցիկը, պետք է հասկանա անկյունների լուսավորումը և այլն»,-ասաց Մաքս Հոուարդը՝ հավելելով, որ տեխնոլոգիական զարգացումների արդյունքում ի հայտ եկած միջոցների հասանելի ու մատչելի լինելը պարզապես հիանալի հնարավորություններ են տալիս կինոարտադրողներին։
Պրոդյուսերը նաև կարծիք հայտնեց, որ մեր օրերում ևս կինոարտադրության մեջ առավել կարևոր է բովանդակությունն, այլ ոչ թե պատկերը։
«Ինչո՞ւ եք գնում կինո, ինչո՞ւ եք ֆիլմից հեռանում իրոք լավ զգացողություններով: Դա պայմանավորված է նրանով, որ դուք ներգրավված եք հերոսների հետ և ճանապարհորդության մեջ, որով այդ հերոսները գնում են: Չեմ ցանկանում սրանով նվազեցնել պատկերի դերակատարությունը, բայց միայն պատկերն ընդունելի չի լինի հանդիսատեսի համար: Նրանց նախ պետք է պատմություն: Պատկերն առանց բովանդակության չի աշխատում», - նկատեց Մաքս Հոուարդը:
Վերջինս, անդրադառնալով մասնակցությանը «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնի միջոցառումներին և դրանցում ներկայացված ֆիլմերին, հայտնեց, որ դեռևս շատ բան չի հասցրել դիտել․ «Ես այս տարի ոչ մի ժյուրիի անդամ չեմ: Ես քվեարկելու եմ Օսկարի ներկայացված ֆիլմերի օգտին, իհարկե, և նայելու եմ այդ ֆիլմերը։ Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում են ֆիլմարտադրողների հետ զրույցները։ Այստեղ լինելը իմ շահն է՝ ուղղորդել մարդկանց, ովքեր հավակնոտ են և փորձում են առաջ մղել իրենց ամբիցիաները, ուղղորդել նրանց ոչ թե իմ ուղղությամբ, այլ հորդորել նրանց կենտրոնանալ, քանի որ երբեմն գաղափարը կարող է դուրս մնալ ուշադրությունից»:
Եզրափակելով միտքը և խոսելով հայկական անիմացիայի մասին՝ Մաքս Հոուրադը նշեց, որ այս տարիների ընթացքում շատ բան է տեսել, սակայն անուն առ անուն չի կարող հիշել դրանց անունները։
«Հուսով եմ, որ կկարողանամ այցելել Գյումրի, որտեղ անիմացիոն ստուդիա կա: Եվ եթե ժամանակ լինի, ես կգնամ այնտեղ և կայցելեմ ստուդիա, քանի որ ինձ միշտ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են այդ ստուդիաները պատրաստված», - ասաց Մաքս Հոուրադը։
«ՌեԱ» փառատոնը (նախկինում՝ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոն) ստեղծվել է 2009 թվականին՝ քաղաքական երգիծանկարիչ, նկարիչ և անիմատոր Վրեժ Քասունու կողմից և խորհրդանշում է հայկական անիմացիոն պատմության «երիտասարդացումն» ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում՝ այն դիրքավորելով որպես անընդհատ զարգացող ոլորտ։
«ՌեԱ» փառատոնի նպատակը Հայաստանում, Հարավային Կովկասում և անդին անիմացիոն ֆիլմերի, պրոդյուսերների և անիմացիոն արտիստների կենսունակ համայնքն ու գործը հանրահռչակելն է։
Փառատոնը կազմված է 3 կարևորագույն բաղադրիչներից՝ ցուցադրվող ֆիլմերը, MarAni անիմացիոն շուկան և Rea Comics Art-ը։
Իր հիմնադրման օրվանից ի վեր «ՌեԱ» փառատոնը ներգրավել է ավելի քան 40,000 հանդիսատեսի, համագործակցել և ստացել է աջակցություն 130 հովանավորի կողմից, հյուրընկալել է ոլորտի 230 քննադատների/ժյուրիների (օր․՝ Տիցիանա Լոսկի, Ժան-Պոլ Կոման, Դեվիդ Սփրոքսթոն, Մաքս Հաուարդին, Բիլ Փլիմփթոն և այլն) 70 խոսնակի (Շոն Մ. Բոբբիտ, Խավիեր Դե Լա Չիկա, Էդ Հուկս, Դեյվ Բոսսերտ և այլք), կինոյի և անիմացիոն, կրթության և բիզնես ոլորտների այլ նշանավոր առաջնորդների։