Մարզեր

New City Projects-ը կվերակառուցի Ծաղկաձորի գլխավոր հրապարակը՝ որպես ժամանցի գրավիչ վայր

8 րոպեի ընթերցում

New City Projects-ը կվերակառուցի Ծաղկաձորի գլխավոր հրապարակը՝ որպես ժամանցի գրավիչ վայր

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ New City Projects ընկերության կողմից ժամանակակից ոճային լուծումներով վերակառուցման արդյունքում Հայաստանի զբոսաշրջային կենտրոն Ծաղկաձորի գլխավոր՝ Ծաղկունյաց հրապարակը շուտով զբոսաշրջիկներին ու տեղի բնակիչներին կներկայանա որպես ժամանցային գրավիչ վայր։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ծաղկունյաց հրապարակի վերակառուցման վերաբերյալ համագործակցության հուշագրի ստորագրումը New City Projects-ի գործառնական տնօրենի և Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ին հրապարակում կազմակերպված բացօթյա հանդիսավոր միջոցառմանը, որի շրջանակներում ներկայացվեց նաև ճարտարապետական նախագիծը։

Լրագրողների հետ ճեպազրույցում New City Projects ընկերության գործառնական տնօրեն Գեղամ Կիրակոսյանը նշեց, որ  Ծաղկունյաց հրապարակի վերակառուցման գաղափարը ծնվել է Պալլադա բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման ընթացքում։ 

«Մեր նախագծող թիմի հետ կարողացանք ստանալ արդիական, նորացված նախագիծ, որը ներկայացնելու ենք հանրությանը։ Վերակառուցումը վերաբերելու է ամբողջ հրապարակի ներքին հատվածին․ կառուցվելու են ջրային, սահադաշտի հատվածներ։ Ամբողջ հրապարակը նորից կանաչապատվելու է։ Ժամանակակից լուսատուներով ստեղծվելու է նոր լուսավորության համակարգ։ Փորձելու ենք մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար շատ հետաքրքիր և հաճելի վայր ստանալ»,- ասաց Կիրակոսյանը։

Նրա տեղեկատվությամբ՝ վերակառուցման աշխատանքները մեկնարկելու են հուշագրի ստորագրումից հետո: Կախված եղանակային պայմաններից՝ այդ աշխատանքները սեղմ ժամկետներում ավարտին կհասցվեն։

Անդրադառնալով հրապարակի հարևանությամբ կառուցվող Pallada բնակելի համալիրին՝ ընկերության գործառնական տնօրենը մանրամասնեց, որ  8 մասնաշենքից բաղկացած 9-15 հարկանի բազմաֆունկցիոնալ համալիրի յուրաքանչյուր բնակարան կարող է ծառայել նաև որպես հյուրանոցային համար` դառնալով կայուն եկամուտի աղբյուր։

«Պալլադան, ընդհանուր առմամբ, բնակելի համալիր է, որի այն բնակիչները, ովքեր բնակարանը ձեռք կբերեն ամբողջական վերանորոգված տարբերակով, հնարավորություն կունենան հանձնել իրենց բնակարանները «Պալլադա Ծաղկաձոր»-ի սպասարկմանը, որից կստանան իրենց շահույթը։ Բնակիչների այն խումբը, որը չի ցանկանա օգտվել այդ ծառայությունից, կարող է բնակվել»,-ներկայացրեց Կիրակոսյանը։

Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանի գնահատմամբ՝ Պալլադան ամենամեծ ներդրումային ծրագիրն է քաղաքում, որը կնպաստի ինչպես բնակֆոնդի, այնպես էլ՝ համայնքային բյուջեի ավելացմանը։

«Գաղտնիք չէ, որ շատերը Հայաստանում ցանկություն ունեն Ծաղկաձորում հանգստանալ, բնակվել, քանի որ  էկոլոգիապես ամենամաքուր քաղաքներից է և հանդիսանում է զբոսաշրջության կենտրոն։ Բացի այդ, ծրագիրը կավելացնի լրացուցիչ եկամուտները՝ գույքահարկի տեսքով։ Ինչ վերաբերում է Ծաղկունյաց հրապարակի վերակառուցմանը, ապա ես բանավոր դիմել էի «Պալլադա Ծաղկաձոր»-ին, քանի որ գտնվում է հարևանությամբ: Իրենք ցանկություն հայտնեցին ամբողջությամբ վերանորոգել, որի արդյունքում ավելի գեղեցիկ հրապարակ կունենանք»,- նշեց համայնքապետը: 

Ըստ Պալլադա համալիրի գլխավոր ճարտարապետ Գագիկ Փանոսյանի՝ Ծաղկաձորի կենտրոնական հրապարակի վերակառուցման մտահղացումը սկիզբ է առել այն ժամանակ, երբ մեկնարկել էր «Պալլադա Ծաղկաձոր»-ի նախագծային գործընթացը։

«Պուրակը բաղկացած է լինելու հիմնականում երկու կարևոր զոնայից՝ սահադաշտ և ջրային հատվածներ ենք ունենալու, բնականաբար՝ նստարաններ, այգու ստանդարտ բոլոր լուծումներով։ Մտածեցինք այլ ֆունկցիա էլ հաղորդել, որպեսզի սահադաշտը միայն մեկ սեզոնի համար նախատեսված չլինի. տարվա մյուս եղանակներին այն կծառայի հարթակ-բեմ՝ քաղաքում տարբեր միջոցառումների կազմակերպման համար։ Հիմնական գաղափարն այն է, որ բնակիչներն ու զբոսաշրջիկներն ունենան հետաքրքիր, սիրելի ժամանցի վայր»,-ներկայացրեց գլխավոր ճարտարապետը։

Համայնքապետարանի և «Պալլադա Ծաղկաձոր»-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրմանն ու Ծաղկունյաց հրապարակի վերակառուցմանը նվիրված  հանդիսավոր միջոցառման ընթացքում ներկաներին հնարավորություն ընձեռվեց հատուկ 3D էկրանի միջոցով ծանոթանալ համալիրի աշխատանքներին, ամրագրել իրենց ցանկալի բնակարանը։  Բացի այդ, միջոցառման շրջանակում ներկայացվեց վերանորոգված և կահավորված բնակարանի մոդելը։ 

Այնուհետև, այցելելով «Պալլադա Ծաղկաձոր»-ի գրասենյակ, գնորդները հնարավորություն ունեցան ծանոթանալ բնակարանի տիպային օրինակին։ 

Միջոցառումն ամփոփվեց հյուրասիրությամբ և երաժշտական ծրագրով։ Ներկա էին պաշտոնատար հյուրեր, New City Projects ընկերությունը, քաղաքի բնակիչներ, հյուրեր։ 

Հատկանշական է, որ New City Projects ընկերության կողմից կառուցվող «Պալլադա Ծաղկաձոր»-ը քաղաքի հենց սրտում է՝ Ծաղկունյաց հրապարակ 5 հասցեում: Կեչառիսի վանական համալիրի, ճոպանուղու, զիփլայնի մոտակայքում կառուցվող յուրօրինակ համալիրը շահագործման կհանձնվի ընդամենը երեք տարի անց՝ 2027 թվականին:

Այն բոլորովին նոր նախագիծ է՝ ուղղված Ծաղկաձորի զարգացմանը։ Ծրագրի շրջանակում վերակառուցվելու է համալիրի հարևանությամբ գտնվող գլխավոր հրապարակը՝ դառնալով իսկական նվեր թե՛ տեղաբնակների, թե՛ զբոսաշրջիկների համար՝ բոլորովին փոխելով քաղաքի գույնը։ 

«Ժամանակն է տեղափոխվել Ծաղկաձոր»․ հենց այսպիսին է այս համալիրի կարգախոսը։

Բնակելի համալիրում գործելու է շուրջօրյա անվտանգության ծառայություն: Կարևոր ենթակառուցվածքներից են լինելու կանաչապատ և բարեկարգ բակային տարածքը, ինչպես նաև՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզասրահը, տանիքում տեղակայված փակ լողավազանը, թենիսի կորտը, սպա կենտրոնը։ Պակաս կարևոր չեն նաև հիպերմարկետը, ընդարձակ ավտոկայանատեղին և ուղղաթիռի հարթակը՝ տանիքում։ Երեխաների համար ևս ստեղծված է լինելու յուրատեսակ միջավայր․ Pallada-ում գործելու է բացօթյա խաղահրապարակ և խաղասրահ: Կկառուցվեն նաև ժամանակակից շատրվաններ։ 

Շենքի առաջին հարկում լինելու են բացօթյա սրճարաններ, իսկ բարձր հարկերից մեկում կառուցվելիք Sky Bar-ը յուրօրինակ անկյուն է լինելու հետաքրքիր ժամանցի սիրահարների համար:

Բացի այդ, կառուցապատողը յուրահատուկ անակնկալ է նախատեսել բնակարան ձեռք բերողների համար. Pallada-ում բնակարան գնելուց հետո բնակիչները հնարավորություն կստանան ուղղաթիռով այցելելու շինհրապարակ և տեսնելու իրենց ապագա բնակարանը՝ վերևից։

Այստեղ նախատեսվում են նաև կոմերցիոն ընդարձակ տարածքներ՝ վաճառքի և երկարաժամկետ վարձակալության համար։

Այստեղ բնակարան հնարավոր է ձեռք բերել 3 տարբերակով՝ չվերանորոգված, վերանորոգված կամ վերանորոգված և կահավորված։ Pallada-ում բնակարան կարելի է գնել տարաժամկետ վճարմամբ առանց կանխավճարի՝ մարելով ամսական սկսած 480,000 դրամից: Pallada-ից բնակարան ձեռք բերելու դեպքում գործելու է եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը։

Համալիրի ինտերիեր դիզայնը վստահվել է Chroma Interiors ընկերությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում