Հայաստան

Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն

2 րոպեի ընթերցում

Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կենսաբազմազանության և բազմակողմ բանակցությունների ոլորտի միջազգային փորձագետ Բասիլ վան Հավրեի հետ քննարկել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համաժողովին նախորդող բանակցային գործընթացի առանցքային ուղղություններին, առկա մարտահրավերներին և Հայաստանի՝ որպես COP17-ը նախագահող երկրի դերակատարությանը։

«Անդրադարձանք Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի դերակատարությանը, նախագահության ռազմավարական առաջնահերթություններին, բանակցային գործընթացի արդյունավետ կազմակերպման մոտեցումներին և այն քայլերին, որոնք կնպաստեն կառուցողական երկխոսության, փոխվստահության և կոնսենսուսի ձևավորմանը համաժողովի ընթացքում»,- նշել է Մաթևոսյանը։

Քննարկվել է նաև COP17-ի նախագահության նշանակությունը կենսաբազմազանության գլոբալ օրակարգի առաջմղման, Կունմինգ–Մոնրեալի գլոբալ շրջանակի իրականացման արագացման և երկրների միջև համագործակցության ամրապնդման տեսանկյունից։

«Հայաստանը հետևողականորեն շարունակում է նախապատրաստվել COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով, ներառական և թափանցիկ բանակցային գործընթաց և արդյունքահեն նախագահություն՝ ի նպաստ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային ջանքերի»,- ընդգծել է նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում