Վարդենիս համայնքում տեղի է ունեցել Շախմատի միջազգային օրվան նվիրված միջոցառում
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում հանդիսավորությամբ նշվել է Շախմատի միջազգային օրը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառումը կազմակերպել է ՀՀ Շախմատի ակադեմիայի Վարդենիսի մասնաճյուղի մարզիչ Մարգարիտ Պետրոսյանը։
Միջոցառման շրջանակում անցկացվել է շախմատի մրցաշար, որի ընթացքում մասնակիցները ցուցադրել են իրենց տրամաբանական մտածողությունը, մրցակցային ոգին և խաղային բարձր մշակույթը։
Մասնակիցներին ողջունել է Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Բարսեղյանը, ով կարևորել է շախմատի դերը երիտասարդ սերնդի մտավոր զարգացման գործում և մարզիկներին մաղթել արդար մրցակցություն, հետաքրքիր պարտիաներ ու արժանի հաղթանակներ։
«Շախմատը ոչ միայն սպորտաձև է, այլև կրթական և դաստիարակչական կարևոր միջոց, որը զարգացնում է վերլուծական մտածողությունը, համբերատարությունը, կենտրոնացվածությունն ու ռազմավարական մտածողությունը։ Վարդենիս համայնքում նման նախաձեռնությունները միտված են խրախուսելու երիտասարդների հետաքրքրվածությունը շախմատի նկատմամբ, խթանելու մտավոր սպորտի զարգացումն ու առողջ մրցակցային միջավայրի ձևավորումը։ Թեև մրցանակային տեղեր սահմանված չէին, ու շախմատիստները խաղում էին միայն իրենց ունակությունները ցուցադրելու համար, սակայն այդ օրը հաղթեց շախմատին նվիրվելու, հինավուրց ու մարդկային մտածողությունը կատարելագործող խաղին տիրապետելու գաղափարը»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։