Տնտեսություն

Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը

2 րոպեի ընթերցում

Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե Հայաստանից Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է և պիտանի չէ իրացման համար։

Հուլիսի 19-ին Armatmedia-ն գրել էր, թե իբր Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։ Ըստ կայքի՝ վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական ծիրանը պիտանի չէ իրացման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արձագանքելով այդ հրապարակմանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Հայաստանից դեպի Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել։

«Ամբողջ համացանցը խոսում է, որ Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է: ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել»,- գրել է Խոջոյանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը հունիսի 2-ից սահմանափակումներ է կիրառում Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Հայաստանի կառավարությունն այս ընթացքում քայլեր է ձեռնարկել արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, ինչի շնորհիվ հայկական ապրանքների՝ եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորություն է ստեղծվել։ Հայաստանն այս ընթացքում արդեն իսկ որոշ ապրանքների արտահանում իրականացրել է դեպի Եվրամիության երկրներ։ Եվրամիությունը նախատեսում է նաև հայկական ապրանքների մոտ 80 տոկոսի ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես չեղարկել՝ որպես աջակցություն Հայաստանին ՌԴ-ի կողմից կիրառվող սահմանափակումների ֆոնին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում