Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ՝ Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովը հուլիսի 20-ին մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ շրջայց է կատարել հուլիսի 17-ին տեղացած ուժեղ կարկուտից առավել տուժած համայնքներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շրջայցի ընթացքում հանձնաժողովի անդամներն այցելել են Ախուրյան համայնքի Բագրավան բնակավայր, հանդիպել բնակիչներին և տեղում քննարկել կարկուտի հետևանքով պատճառված վնասների ծավալները։ Արձանագրվել են բնակելի տների տանիքների, ավտոմեքենաների և գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վնասման դեպքեր։

Հանձնաժողովն այցելել է նաև Անի համայնքի Ձիթհանքով և Լանջիկ բնակավայրեր, որտեղ, նախնական գնահատականների համաձայն, վնասներ են կրել հիմնականում գյուղատնտեսական հողատարածքները։

Համայնքային հանձնաժողովները շարունակում են ընդունել քաղաքացիների ահազանգերը՝ հնարավորինս ամբողջական պատկեր կազմելու և վնասների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը Շիրակի մարզային հանձնաժողովին ներկայացնելու նպատակով։