Տնտեսություն

Հանքարդյունաբերության հիմքում մարդն է իր աշխատանքով. ԶՊՄԿ-ում նշել են Հանքագործի և մետալուրգի օրը՝ պարգևատրելով ոլորտի լավագույններին

4 րոպեի ընթերցում

Հանքարդյունաբերության հիմքում մարդն է իր աշխատանքով. ԶՊՄԿ-ում նշել են Հանքագործի և մետալուրգի օրը՝ պարգևատրելով ոլորտի լավագույններին

Հանքարդյունաբերությունը միայն տեխնիկա և արտադրություն չէ։ Այն առաջին հերթին մարդիկ են՝ իրենց փորձով, նվիրումով և ամենօրյա պատասխանատու աշխատանքով։ Հենց այդ մարդկանց է միավորել Հանքագործի և մետալուրգի օրվա տոնակատարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլինը, շնորհավորելով ընկերության աշխատակիցներին Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ, նշեց, որ այս օրը դարձել է ավանդական տոն և հնարավորություն է տալիս ամփոփելու կատարված աշխատանքն ու արձանագրված ձեռքբերումները։

«Նշեմ, որ ընկերության բոլոր հաջողությունների հիմքում մարդկանց աշխատանքն է։ Մաղթում եմ բոլորիդ նոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Այս վերջին կես տարին, որ մենք աշխատել ենք, կարող եմ ասել, որ համարվում է ամենալավ ժամանակահատվածը կոմբինատի պատմության մեջ: Ես միանգամայն վստահ եմ, որ նման աշխատակազմի հետ ցանկացած հավակնոտ առաջադրանք հնարավոր է լուծել հաջողությամբ»:

Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ պարգևատրվեցին ընկերության 18 աշխատակիցներ, որոնք վերջին տարիներին առանձնացել են մասնագիտական բարձր արդյունքներով և նշանակալի ձեռքբերումներով։ Սա  շնորհակալություն էր մարդկանց, որոնց աշխատանքի շնորհիվ զարգանում է Հայաստանի հանքարդյունաբերությունը:

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանն էլ ընդգծեց, որ սա կարևորագույն տոն է օրացույցում, որովհետև երկրի տնտեսության հիմքում հենց  հանքարդյունաբերությունն է. «Առանց հանքագործի, առանց մետալուրգի և ոլորտում աշխատող մյուս մասնագետների անհնար է ունենալ հզոր տնտեսություն և հզոր պետություն։ Այդ առումով սա շատ կարևոր տոն է»,- ասաց նա։

Նա ընդգծեց՝ նախորդ և այս տարվա առաջին կիսամյակների ընթացքում շուրջ 50 միլիարդ դրամ է ուղղվել սարքավորումների ձեռքբերմանը և արտադրական ակտիվների արդիականացմանը, ինչը հենց ներդրում է ապագայի, ձեռնարկության արդիականացման և նոր տեխնոլոգիաների մեջ։

ԶՊՄԿ-ն Հայաստանի միակ ընկերությունն է, որը  միացել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին։ Երկու տարվա ընթացքում ընկերության ESG վարկանիշի ցուցանիշը բարելավվել է 20 կետով և գերազանցել միջազգային  հանքարդյունաբերության միջին ցուցանիշը։

«Մենք սկսել ենք կարևոր գործընթաց՝ Հայաստանում ներդնում ենք միջազգային կայուն զարգացման ստանդարտներ, որոնք ներառում են նաև շրջակա միջավայրի վրա ազդեցությանը վերաբերող պահանջներ։ Այժմ քննարկում ենք երկու տարբերակ՝ կանադական լավագույն փորձի վրա հիմնված ստանդարտը և Միջազգային հանքարդյունաբերական ասոցիացիայի ստանդարտը։ Ընտրությունից հետո կսկսենք դրանք կիրառել Հայաստանում։ Դրա շնորհիվ մեր գործող մետաղական հանքերը կաշխատեն լավագույն միջազգային չափանիշներով, ինչը Հայաստանի հանքարդյունաբերությունը կհավասարեցնի առաջատար հանքարդյունաբերական երկրների մակարդակին»,- նշեց նա։

Տոնական օրվա շրջանակում հանրությունը հնարավորություն ունեցավ նաև վայելելու լուսանկարիչ, ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Նվեր Զելյայի լուսանկարների անհատական ցուցահանդեսը։ Լուսանկարիչը երկար տարիներ ֆիքսել է սյունիքյան կոլորիտը:

«Անկեղծ ասած՝ Սյունիքում չկա մի անկյուն, որը նման լինի մյուսին։ Ամեն քար, ամեն ծառ, յուրաքանչյուր տեսարան իր առանձնահատկությունն ունի։ Այս լուսանկարներից շատերը պատմություն են դարձել, որովհետև պատկերված պահերն այլևս չեն կրկնվի։ Ինձ համար հատկապես թանկ են այն նկարները, որոնցում մարդիկ են պատկերված, քանի որ նրանցից շատերն այսօր այլևս մեզ հետ չեն»,- ասաց լուսանկարիչը։

Կապանի Երկրաբանական թանգարանի ցուցանմուշները, այդ օրը ևս ցուցադրված էին, որոնք  պատմում են տարածաշրջանում հանքարդյունաբերության զարգացման մասին՝ բրոնզե դարից մինչև մեր օրերը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում