Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման միջոցառումներին նվիրված խորհրդակցություն՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել են անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հրդեհների դեմ պայքարի միջոցառումների իրականացման, հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, ինչպես նաև հրդեհների հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված հարցեր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության ղեկավարներ, ծառայողներ, Էկոպարեկային ծառայության աշխատակիցներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ։
Քննարկման արդյունքում որոշվել է՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ ձևավորել մարզային աշխատանքային խումբ՝ վտանգավոր տարածքներում ուսումնասիրություններ կատարելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով։
Կարևորվել է նաև համայնքներում կամավորական խմբերի ձևավորումը՝ հնարավոր խնդիրների դեպքում աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև իրազեկման աշխատանքների կազմակերպումը։
Հրդեհների կանխարգելման նպատակով իրականացվելիք աշխատանքներում շեշտվել է նաև շահագրգիռ կողմերի փոխգործակցության անհրաժեշտությունը։