Գավառում անցկացվել է նարդու համայնքային բաց առաջնություն
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում համայնքապետարանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անցկացվում է նարդու համայնքային բաց առաջնություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նարդու առաջնությանը մասնակցել են նախօրոք հայտագրված տարբեր տարիքային խմբերի 35 մասնակիցներ՝ Գավառ քաղաքից և համայնքի գյուղական բնակավայրերից։
Մրցաշարն անցկացվել է շրջանաձև եղանակով՝ Երվանդ Ղուրշուդյանի մրցավարությամբ։
Առաջնությունում հաղթող է ճանաչվել Ղարաբաղից բռնի տեղահանված և Գավառ քաղաքում բնակություն հաստատած Սեյրան Աղաջանյանը։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Գավառ քաղաքի բնակիչներ Հենրիկ Բոշյանն ու Գարեգին Մեսրոպյանը։
Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի կողմից արժանացել են դրամական պարգևների։
Մրցանակները հաղթողներին հանձնել է առաջնության կազմակերպիչ, Գավառի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի պատասխանատու Նարեկ Մուրադյանը։