Մերձավոր Արևելք

Բորելը Մերձավոր Արևելքում «անհայտ մասշտաբների պատերազմի» վտանգ է տեսնում

2 րոպեի ընթերցում

Բորելը Մերձավոր Արևելքում «անհայտ մասշտաբների պատերազմի» վտանգ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ հարկավոր է կանխել հերթական աղետը, քանի որ Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է՝ տարածաշրջանը կանգնեցնելով պատերազմի վտանգի առաջ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը գրել է X սոցիալական հարթակի իր էջում։

«Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել՝ այն կանգնեցնելով անհայտ մասշտաբների պատերազմի եզրին: Մենք բոլորս պետք է կանխենք հերթական աղետը», - գրել է Բորելը։

Նա նշել է, որ հարկավոր է Գազայի հատվածում անմիջապես հրադադար հաստատել։

«Բոլոր նրանք, ովքեր կանգնած են ապաէսկալացման ճանապարհին, պետք է պատասխանատվության ենթարկվեն», - հավելել է Ժոզեպ Բորելը։

Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո, որին նախորդել էր Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունը։ 

Իրանը Հանիյեի սպանության մեջ մեղադրել է Իսրայելին՝ խոստանալով, որ երկիրը «բարձր գին կվճարի» դրա համար։ Իսրայելը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել իր առնչությունը Հանիյեի սպանությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում