Մշակույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

2 րոպեի ընթերցում

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշանակահար Հայկ Մելիքյանը Հարավային Ամերիկայի մի քանի երկրում հանդես կգա համերգային ծրագրով՝ ներկայացնելով հայ դասական կոմպոզիտորների գործերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հունիսի 25-ին Հայկ Մելիքյանը հանդես կգա Ուրուգվայում՝  հեղինակավոր «Սոլիս» համերգասրահում, Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգը նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին, և հնչելու է Արամ Խաչատրյանի հանրահայտ դաշնամուրային կոնցերտը. դիրիժոր՝ Ալվարո Հակոբյան, մենակատար՝ Հայկ Մելիքյան։ 

Ըստ աղբյուրի՝ հունիսի 28-ին դաշնակահարն Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի «Բեթհովեն» համերգասրահում կունենա մենահամերգ՝ «Հայկական գունապնակ» խորագրով: Համերգի ընթացքում Հայկ Մելիքյանը կներկայացնի հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների մեծակտավ և փոքրակտավ ստեղծագործություններից. կհնչեն Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Սարյանի, Դելլալյանի, Յոլչյանի և այլոց գործերը։ 

Նշվում է, որ համերգների նպատակն է ներկայացնել հայ դասական երաժշտությունը Մոնտեվիդեոյի և Բունեոս Այրեսի երաժշտասեր հասարակությանը, ինչպես նաև ամրապնդել հարավամերիկյան երկու երկրների հետ մշակութային կապերը: 

Համերգների կազմակերպիչներն ու աջակիցներն են Մոնտեվիդեոյի քաղաքապետարանը, Ուրուգվահայ բազմամիութենական կազմակերպությունը, «Զուլամյան» ընկերությունը, ՀՀ դեսպանություններն Ուրուգվայում և Արգենտինայում, Արգենտինայի «Հայ կենտրոնը», Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում