ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրեմլում կարծում են, որ առանց Ռուսաստանի մասնակցության Շվեյցարիայում անցկացված Ուկրաինայի հակամարտության հարցով համաժողովը ոչ մի արդյունքի չի հանգեցրել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավելի քան 90 երկրների մասնակցությամբ շաբաթ և կիրակի օրերին անցկացված համաժողովի ընթացքում Արևմտյան երկրները և նրանց դաշնակիցները դատապարտել են Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում, սակայն մի շարք երկրների չեն կարողացել դրդել միանալու վերջնական հայտարարությանը։
«Եթե խոսենք այս հանդիպման ընդհանուր արդյունավետության մասին, ապա, իհարկե, այն ձգտում է զրոյի», - Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։
Պեսկովին նաև հարցրել են՝ արդյոք Ռուսաստանի հարաբերությունները կվատթարանան այն երկրների հետ, մասնավորապես՝ Հունգարիայի, Սերբիայի և Թուրքիայի, որոնք Շվեյցարիայում ստորագրել են համատեղ հայտարարությունը։
Ըստ Պեսկովի՝ հարաբերությունները չեն վատթարանա, սակայն Ռուսաստանը հաշվի կառնի այդ երկրների որդեգրած քաղաքականությունը և կշարունակի նրանց բացատրել իր դիրքորոշումը։
ՌԴ նախագահի խոսնակը հիշեցրել է, որ նրանք, ովքեր պատրաստ են կառուցողական երկխոսության, ապա Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունները, որոնք օրեր առաջ առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մնում են օրակարգում։
Հունիսի 14-ին որպես խաղաղության նախապայման Պուտինը նշել էր, որ ուկրաինական զորքերը պետք է հեռանան միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքից, ռազմական գործողությունների ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։ Բացի այդ, Պուտինի խոսքով, Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից։