ՆԱՏՕ-ի վերադարձը 1997 թվականի սահմաններին անընդունելի է․ Ռյուտե
1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն անընդունելի է համարել դաշինքը 1997 թվականի դիրքերին վերադարձնելու Ռուսաստանի պահանջը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, Ռյուտեն այս մասին հայտարարել է նոյեմբերի 23-ին։
«ՆԱՏՕ-ի վերադարձը 1997 թվականի սահմաններին անընդունելի է»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ում որևէ մեկը դա լավ գաղափար չի համարում։
Նա ընդգծել է, որ դաշինքին վերաբերող որոշումները կարող են ընդունել միայն դրա անդամները։
«Նման որոշումներն ընդունում են ՆԱՏՕ-ում և ոչ դաշինքից դուրս»,- նշել է Ռյուտեն։
Ռուսաստանը 2021 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ներկայացրած անվտանգության երաշխիքների նախագծերում առաջարկել էր հրաժարվել դաշինքի հետագա ընդլայնումից և սահմանափակել Եվրոպայում լրացուցիչ ուժերի ու սպառազինության տեղակայումը՝ հիմք ընդունելով 1997 թվականի մայիսի 27-ի դրությունը։ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չէին համաձայնել այդ պահանջներին։