Միջազգային

Բայդենի որդին մեղավոր է ճանաչվել ապօրինի կերպով զենք ձեռք բերելու գործով

3 րոպեի ընթերցում

Բայդենի որդին մեղավոր է ճանաչվել ապօրինի կերպով զենք ձեռք բերելու գործով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, ատենակալների կողմից մեղավոր է ճանաչվել զենք գնելու ժամանակ անօրինական թմրամիջոցների ազդեցության տակ գտնվելու մեջ։ Այսպիսով, նա դարձել է ԱՄՆ գործող նախագահի առաջին զավակը, որին մեղավոր են ճանաչում հանցագործության մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բայդենի 54-ամյա որդուն մեղավոր են ճանաչել նրա դեմ առաջադրված բոլոր երեք դրվագներով։

Դատավարությանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը, Հանթեր Բայդենի կինը, քույրը և այլ ազգականներ։

Դատավարության ընթացքում մեղադրող կողմը ներկայացրել է Հանթեր Բայդենի մի շարք լուսանկարներ, հաղորդագրություններ, որոնք ցույց են տվել նրա կողմից ալկոհոլի և կոկաինի տարիների չարաշահումը, ինչն անօրինական է դարձրել զենքի ձեռքբերումը։

Ատենակալները Հանթեր Բայդենին մեղավոր են ճանաչել այն բանում, որ նա ստել է թմրանյութերի ազդեցության մեջ չլինելու առումով, երբ 2018 թվականին լրացրել է զենք ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, այնուհետև անօրինական կերպով գնել է զենքը։

Դատավճռի կայացման օրը դեռ չի որոշվել, սակայն դա սովորաբար տեղի է ունենում 120 օրվա ընթացքում։ Նրան սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում, բայց փորձագետները քիչ հավանական են համարում, որ նա նման դատավճիռ կստանա։

Որդու դատավարությունից հետո Ջո Բայդենը հայտարարություն է տարածել՝ ասելով, որ կընդունի այդ գործի արդյունքը և կշարունակի հարգել դատական գործընթացը, մինչ Հանթերը դիտարկում է վճիռը բողոքարկելու հարցը։

«Ես նախագահն եմ, բայց նաև հայր եմ», - հայտարարել է Բայդենը։

Դատավճռից ժամեր անց Ջո Բայդենը մեկնել է Դելավերի նահանգ, որտեղ անցկացվում էր դատավարությունը, գրկել է որդուն, նրա կնոջը և իր թոռանը։

Այս դատավարությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ջո Բայդենը և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցում են նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընտրապայքարին։ Մայիսի 30-ին Դոնալդ Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որին մեղավոր են ճանաչել քրեական հանցագործության մեջ։ Նրան մեղավոր են ճանաչել ֆինանսական հաշվետվությունները կեղծելու մեջ, առաջադրված բոլոր 34 դրվագներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում