ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին, որը նշվեց մայիսի 22-ին, արտիստի երկրպագուներն Ազնավուրի և Երևանի կամերային թատրոնի դերասանների հետ ճամփորդեցին ժամանակի և երաժշտության միջով, հաղորդակից դարձան Ազնավուրի հիասթափություններին, համառությանը, նվաճումներին, սիրո տարբեր դրսևորումներին, նորովի բացահայտեցին մեծատաղանդ արտիստին ու ևս մեկ անգամ փաստեցին՝ Ազնավուրը միակն է, անկրկնելին:
Ներկայացման դերակատարներ Ներսես Մարկոսյանին, Դավիթ Աբրահամյանին և Լառա Բաբայանին հաջողվել էր դերասանական գեղեցիկ խաղով, բեմադրական գեղագիտությամբ և ազնավուրյան երաժշտությամբ ստեղծել միջավայր, որը տպավորում էր, տանում շանսոնյեի հարուստ աշխարհ:
Մինչ ներկայացման մեկնարկը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում բեմադրության ռեժիսոր և դերասան Դավիթ Աբրահամյանն ընդգծում է՝ իրենց համար իսկապես պատիվ է բեմից Ազնավուրին ներկայացնելը:
«Մենք կարող ենք Ազնավուրին դասել Կոմիտասի, Թումանյանի և այլ մեծությունների շարքին, որոնք հայ ժողովրդի համար մեծ նշանակություն ունեն, իսկ Ազնավուրը նաև մեր ժամանակակիցն էր: Մենք հնարավորություն ենք ունեցել տեսնել, մեր կողքին զգալ նրա ֆիզիկական ներկայությունն ու վայելել այն»,-ասում է երիտասարդ ռեժիսորը:
Դավիթ Աբրահամյանն ու Ներսես Մարկոսյանը ֆանատիկորեն են վերաբերվում Ազնավուրին: Խոստովանում՝ եթե այլ տղամարդկանց հեռախոսի էկրանին սիրելի կանանց լուսանկարն է, ապա իրենց հեռախոսների էկրանին՝ Ազնավուրի: «Ազնավուրին ոչ միայն որպես հայի, անհատի պետք է մոտենալ, այլև արտիստի համար հաջողության հասնելու փայլուն օրինակի: Նա ֆենոմենալ բանաձև է ներկայացնում, կյանքի պատմություն. նրա վայրէջքներն ու վերելքները, ընկնելն ու ոտքի կանգնելը թևեր են տալիս յուրաքանչյուր արտիստի: Ցանկացած իրավիճակում, երբ դժվարության եմ հանդիպում, հասկանում, որ ինչ-որ պահի գուցե չհաջողեմ, Ազնավուրն ինձ օգնության է հասնում: Նա ամենաանհրաժեշտ պահերին ինձ խորհուրդ է տալիս, աջակցում: Իմ բոլոր ներկայացումներում Ազնավուրից որևէ երգ, ստեղծագործություն կա․ «Հինգ պատմություն սիրո մասին», «Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա» և այլ ներկայացումներում, քանի որ նրան շատ եմ սիրում: Չի կարելի սերը նկարագրել: Երբ անում ես դա, այն արժեզրկվում է»,-հավաստիացնում է Աբրահամյանը:
Ներկայացման ընթացքում Ազնավուրի երգերի ներքո դերասանները պատմում են նրա կյանքի պատմությունը՝ ծնունդից մինչև նրա վերջին ամուսնությունը, որը հիսուն տարի ձգվեց: Այն վերջինն էր, բայց՝ ամենաամուրը:
«Ձևաչափն այնպիսին է, որ ինչ-որ պահի ես ինձ վրա եմ վերցնում պատմողական հատվածը, Ներսեսը՝ կատարողական, հետո՝ հակառակը: Երկուսս էլ Ազնավուրին ենք մարմնավորում, ուղղակի ես հանդիսատեսի հետ անմիջական շփման միջոցով պատմում եմ Ազնավուրի մասին, բացահայտում դրվագներ, որոնց շատերը, հավանաբար, ծանոթ չեն»,-նշում է դերասանը:
Մինչ բեմ բարձրանալը Ներսես Մարկոսյանը, որը հիանալի կերտել էր Ազնավուրի ժեստերը, դիմախաղը, նրան հատուկ արտիստիկ պահվածքը՝ պահպանելով ինքնատիպությունը, խոստովանում է՝ մի քիչ լարված է, քանի որ Ազնավուր խաղալը մեծ պատասխանատվություն է: «Ազնավուրին մոտենալը, նրա երգերը կատարելը և՛ պատիվ է, և՛ պատասխանատվություն: Նրան ասոցացնում եմ սիրո հետ, նա ինքնին սեր էր, ուստի ներկայացման ավարտին բոլորս ասում ենք՝ կեցցե՛ սերը, քանի որ Ազնավուրն ի վերջո գտնում է կյանքի մեծագույն սիրուն՝ Ուլա Թորսելին, և սերը հաղթում է»,-նշում է դերասանը:
Մարկոսյանը ներկայացումը հետաքրքիր է համարում Ազնավուրի կյանքի զարմանալի դրվագների նկարագրությամբ, սիրված երգերի կենդանի կատարումներով: Ստեղծագործական կազմը փորձում է այլ տեսանկյունից ներկայացնել Ազնավուրին, որին շատերը ճանաչում են որպես 20-րդ դարի լեգենդի, հիշեցնել, որ ամեն բան այնքան հեշտ չի տրվել նրան, որքան թվացել է:
Շառլ Ազնավուրի կյանքում կանայք մեծ դեր են խաղացել: Նա նրանց երգեր, բանաստեղծություններ է ձոնել: Ինչպես ինքն է ասել՝ ոմանց ինքն է լքել, ոմանք իրեն են լքել: Ներսես Մարկոսյանի կինը՝ դերասանուհի Լառա Բաբայանը, մարմնավորել է Ազնավուրի կյանքում մեծ դերակատարություն ունեցած Էդիթ Պիաֆին, որը մեծ հռչակ էր վայելում, երբ Ազնավուրը դեռ պետք է հասներ ճանաչման:
Մարկոսյանն ու Բաբայանն առաջին անգամ չեն համատեղ հանդես գալիս բեմում, սակայն առաջին անգամ են ամուսինների խաղում: Դերասանն ասում է՝ այդ պահին բեմում և՛ ինքն է, և՛ Ազնավուրը: Նա ձգտում է կատարման մաներան նմանեցնել Ազնավուրին, սակայն չհեռանալ նաև Ներսեսից:
«Ինձ բախտ է վիճակվել երեք կերպար կերտել մեկ ներկայացման մեջ: Հավանաբար, ստացվել է, որովհետև երեք կերպարներում էլ հոգեհարազատ բան եմ գտել ու հենվել դրա վրա»,-նշում է Լառա Բաբայանը: Պիաֆից բացի, նա խաղում է Ազնավուրի մոր և կնոջ դերերը: Ասում է՝ Ազնավուրը միշտ ներկա է իրենց տանը. անգամ զգեստապահարանի դուռը բացելիս՝ կարող ենք նրա լուսանկարը տեսնել: «Այս ներկայացմամբ ցանկանում ենք արտահայտել մեր սերը, հայրենասիրությունը, ինչպես, որ Ազնավուրն էր անում: Նա այնքան նուրբ է սիրում, որ հնարավոր չէ նկարագրել, պետք է պարզապես լսել, կարդալ ու սովորել: Գուցե, բառացի չխոստովանի իր սերը, սակայն դա կասի մեղեդիների, ելևէջների միջոցով: Անկախ քեզնից սիրում ես նրան»,-շեշտում է դերասանուհին:
Նա սեփական մեկնաբանությամբ է կատարում Պիաֆի երգերը: Ակնհայտ է՝ չի ցանկացել կրկնօրինակել Պիաֆին: Կարծում է՝ կարող էր արտաքինով ինչ-որ կերպ նմանվել երգչուհուն, սակայն Պիաֆ լինել չէր կարող: «Փորձել եմ Պիաֆին մատուցել այնպես, ինչպես զգում եմ»,-նշում է Լառան:
Ազնավուրը համառ է եղել, ձգտել փառքի և ծնկի բերել հանդիսատեսին Փարիզում կայացած համերգով, որի ժամանակ մի քանի երգ հուզված կատարելուց հետո երգել է «Je m'voyais déjà»-ն և լսել դահլիճի բուռն ծափահարությունները:
«Հավանաբար, դա էլ է մեզ ոգեշնչում և ուզում ենք առաջ գնալ: Այնքան հետաքրքիր է. այս պիեսում կան հատվածներ, տեքստեր, որոնք Ներսեսն ասում է, երբ ես կուլիսում եմ: Այնքան գեղեցիկ է ամեն ինչ շարադրված, ասես հենց մեր մասին լինի, ասես ինքներս ենք ապրել այդ հույզերը, գուցե, բառացի չենք շարադրել, բայց զգացել ենք: Մենք անցել ենք այդ ամենի միջով»,-եզրափակում է Լառա Բաբայանը:
Ժամանակին, երբ Ազնավուրն իր հաղթական համերգն ունեցավ Փարիզում, ֆրանսիական թերթերը գրեցին, որ Ֆրանսիան ազնավուրացված է: Մայիսի 22-ին ազնավուրացված էր Երևանի կամերային թատրոնը:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի