Մշակույթ

Նշանակալի իրադարձություն՝ Երևանի օպերային թատրոնում. տպավորիչ համերգով նշվեց Վահան Արծրունու ստեղծագործական գործունեության 40 տարվա վերելքը

5 րոպեի ընթերցում

Նշանակալի իրադարձություն՝ Երևանի օպերային թատրոնում. տպավորիչ համերգով նշվեց Վահան Արծրունու ստեղծագործական գործունեության 40 տարվա վերելքը

Հայկական արդի երաժշտարվեստի կարևորագույն դեմքերից մեկը՝ Վահան Արծրունին, օրերս Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշանավորեց իր 60-ամյակն ու բեմական գործունեության 40-ամյակը՝ հանդիսատեսին պարգևելով բացառիկ երաժշտական իրադարձություն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոբելյանական համերգը վերածվեց ոչ միայն ստեղծագործական հաշվետվության, այլև հայկական ժամանակակից երաժշտության բազմաշերտ դրսևորումների ներկայացման՝ ամփոփելով Արծրունու անցած չորս տասնամյակների ճանապարհն ու նրա կերտած ինքնատիպ գեղարվեստական աշխարհը։

Համերգը կազմակերպվել էր օպերային թատրոնի նախաձեռնությամբ և թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի հրավերով։ Երեկոյին մասնակցում էին ճանաչված մենակատարներ՝ երգչուհիներ Աննա Մայիլյանը, Նելլի Քալաշյանը, Ժաննա Դավթյանը, սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը, ազգային փողայինների կատարող Նորայր Քարտաշյանը և «Մենուա» ֆոլկ-նվագախմբի երաժիշտները, Վահան Արծրունու ARTSRUNI PROG MUSIC ACT ռոք խումբը (Նելլի Մանուկյան - ֆլեյտա, Վահագն Ամիրխանյան -սոլո կիթառ, Մադաթ Ավանեսով - ռոյալ, Արթուր Մոլիտվին - բաս կիթառ, Լևոն Հախվերդյան - հարվածային գործիքներ)։  

Երեկոյին դեբյուտով հանդես եկավ Արծրունու դուստրը՝ 15-ամյա Անաիս Արծրունին։ Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Ծրագրի հայեցակարգն ու կառուցվածքը հնարավորություն էին տալիս դիտարկելու Արծրունու ստեղծագործական բոլոր շրջանները՝ հոգևոր ժառանգության մշակումներից մինչև լայնաշունչ սիմֆո-ռոք և էպիկ ժանրերի սիմֆոնիկ կտավներ։

Երեկոյի ընթացքում հնչեց մաշտոցյան շարականների արծրունիական մեկնությունը, որն առանձնանում է հնագույն՝ 5-րդ դարի հոգևոր նյութի ժամանակակից հնչյունային մտածողության վերաիմաստավորմամբ։ Մեծ տպավորություն գործեց նաև Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված Արծրունու «Կոմիտաս. տասը հայտնություն» շարքի հատվածների կատարումը, որում կոմպոզիտորը միահյուսել է ազգային մեղեդայնությունն ու արդի կամերային երաժշտության արտահայտչամիջոցները։

 Ծրագրում ընդգրկված էին նաև Ռազմիկ Դավոյանի բանաստեղծություններով գրված երգերը, պրոգրեսիվ ռոք ժանրի գործիքային ստեղծագործությունները, ինչպես նաև սիմֆոնիկ ծավալի «Էթնոֆոնիկա», Inno Millennium և «Քամու կանչը» գործերը։

Համերգի երաժշտական և բեմական լուծումները ստեղծում էին ամբողջական սինթետիկ արվեստի տպավորություն։ Օպերային թատրոնի շքեղ բեմը պարբերաբար փոխակերպվում էր ազգային, տոհմիկ և հոգևոր խորհրդանիշներով հագեցած տեսողական տարածաչափության՝ շնորհիվ արտահայտիչ սցենոգրաֆիկ լուծումների և պրոեկցիաների։ Լուսային, գեղանկարչական և խորհրդանշական պատկերների համադրությունը խորացնում էր ծրագրի կառուցվածքի երաժշտական դրամատուրգիան՝ հանդիսատեսին ներքաշելով յուրօրինակ գեղագիտությամբ ծիսական և էպիկական միջավայր։

Մասնակից երաժիշտները ցուցադրեցին բարձրակարգ կատարողական արվեստ։ Սիմֆոնիկ նվագախումբն առանձնահատուկ փայլով ներկայացրեց թե՛ խորհրդավոր, մոգական տրամադրությամբ լեցուն շարականների մեկնությունները, թե՛ փոթորկային էներգիայով հագեցած սիմֆո-ռոք ստեղծագործությունները։ Համերգն ամբողջ ընթացքում պահպանեց մեծ ներքին լարումն ու տոնական հանդիսավորությունը՝ վերածվելով իսկական երաժշտական հրավառության։

Վահան Արծրունին այսօր իրավամբ համարվում է 21-րդ դարի հայկական երաժշտության ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ Նրա ստեղծագործական ժառանգությունն ընդգրկում է 15 CD ալբոմ, գրված երաժշտություն երեք խաղարկային, քսանմեկ վավերագրական և վեց անիմացիոն ֆիլմերի, ինը թատերական ներկայացումների, մնջախաղային բեմադրության, ժամանակակից բալետի և ակտուալ արվեստի բազմաբնույթ նախագծերի համար։ Նրա արվեստը ձևավորվում է ազգային արմատների, ակադեմիական մտածողության և ժամանակակից երաժշտական լեզվի միաձուլման շնորհիվ։

Հավատարիմ մնալով հայկական երաժշտության ավանդույթներին՝ Արծրունին միաժամանակ ստեղծել է սեփական, հստակ ճանաչելի երաժշտական տեսակը, որն ազգային հոգևոր հիշողությունը վերածում է արդի բովանդակային և մշակութային արտահայտության։ Նրա ստեղծագործությունը ոչ միայն հարստացնում է հայկական ժամանակակից երաժշտարվեստը, այլև հաստատում ազգային նոր գեղագիտության ու արժեհամակարգային մտածողության ինքնատիպ՝ արծրունիական երևույթը։

Լուսանկարները՝ Գարեգին Աղաբեկյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում