Կյա՞նք, թե՞ մահ, պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. «Մհեր Մկրտչյան» թատրոնի բեմ բարձրացավ «Կնոջ մարմինը՝ որպես պատերազմի դաշտ» ներկայացումը
4 րոպեի ընթերցում

Ռումինացի ժամանակակից դրամատուրգ Մատեի Վիշնիեկի «Կնոջ մարմինը՝ որպես պատերազմի դաշտ» ստեղծագործությունը ստիպում է մի պահ կանգ առնել, մոռանալ առօրյա հոգսերն ու խորհել կյանքի և մահվան, պատերազմի և խաղաղության, անհատների խեղված ճակատագրերի, աշխարհում տեղի ունեցող անարդարությունների և դրանց հետևանքների մասին։
Հեղինակի պիեսի համանուն ներկայացումն օրերս բարձրացավ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի բեմ։

Հերոսները կանայք են. երկու կին, երկու աշխարհ, մեկ պատերազմ: Բոսնիական ողբերգության մութ իրականության մեջ հանդիպում են Դորան և Քեյթը: Մեկը՝ բռնության զոհ, մյուսը՝ օգնության եկած հոգեբան: Ո՞վ է ում փրկում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացման բեմադրիչ Սերժ Մելիք-Հովսեփյանը նշում է՝ պիեսն իր հետ «քարշ է տվել» տասը տարի։ Մտածել է, որ այն Հայաստանում բեմադրելու ժամանակը դեռ չի եկել, սակայն 2020-ի պատերազմից հետո որոշումը փոխել է։ «Պիեսը թարգմանել է իմ լավ բարեկամ Նարե Գրիգորյանը, որը հոգեբան է։ Մտածեցի, որ դա շատ լավ է, քանի որ կարող է մասնագիտորեն բացատրել տերմինները, իրավիճակները։ Համաձայն եմ, որ սա ծանր սյուժե է, բայց շատ կարևոր է, որ առերեսվենք այդ խնդիրների հետ և ինքներս մեզ հարց տանք, թե որտե՞ղ ենք կանգնած և ո՞ւր ենք գնում»,-ընդգծում է ռեժիսորը։

Հերոսուհիներից մեկը՝ Դորան, որը բռնության ենթարկվելու հետևանքով հայտնվել է հոգեբուժարանում և մտածում է ինքնասպանության մասին՝ պատերազմի համար մեղադրելով նաև Աստծուն, հիշում է, թե ինչպես է թշնամին փոսը գցել շանն ու այրել նրան։
«Այդ տեսարանը ցույց է տալիս, թե մարդկությունը որքան կարող է նվաստանալ, սակայն, ինչպես հոգեբանի՝ Քեյթի կերպարն է ասում, անգամ փոսի մեջ կարող է մեկ կյանք լինել, որին պետք է փրկել։ Այդ ամբողջ դաժանության մեջ մենք գոյատևում ենք՝ ապավինելով կյանքին, փորձելով ապրել։ Միշտ հույս կա, որը պետք է արթնացնել, զարգացնել, որպեսզի մարդկությունը կարողանա գոյատևել»,-ասում է Սերժ Մելիք-Հովսեփյանը։

Հատուկ ներկայացման համար գրվել է երաժշտություն, որի հեղինակն Արգինա Հարությունյանն է։ Ռեժիսորի կարծիքով՝ նա հոյակապ աշխատանք է կատարել. կարդացել է պիեսը, զգացել է այն, ինչի արդյունքում երաժշտությունը ոչ թե ընկերակցում է կերպարներին, այլ ասես առանձին կերպար լինի, որը խոսում է։
«Կնոջ մարմնի միջոցով թշնամին փորձում է հարվածել դիմացինի ինքնությանն ու ազգային արժանապատվությանը։ Էթնիկ պատերազմներում բռնաբարությունը ծառայում է ճիշտ այն նույն նպատակին, ինչ թշնամու տները, պաշտամունքի վայրերը, մշակութային արժեքներն ու ժառանգությունը ոչնչացնելը»,-այսպես է մտածում ներկայացման հերոսուհիներից Քեյթը, որի դերում Գայանե Բալյանն է։

«Դարեր շարունակ, հիմա և ապագայում էլ դժբախտություններ, արհավիրքներ լինելու են, բայց մարդը պետք է կարողանա ուժ գտնել և դիմակայել այդ ամենին։ Այս ներկայացումն այն մասին է, որ որքան էլ մահն ուժեղ է, բարին հաղթելու է։ Չնայած հերոսների տեքստերում հուսալքությունը, ընկճվածությունն ակնհայտ են, բայց բնությունը հաղթում է, և կյանքը շարունակվում է»,-նշում է նա։
Ըստ Բալյանի՝ և՛ Քեյթը, և՛ Դորան հաղթեցին, միմյանց օգնելով՝ կարողացան ինչ-որ չափով լուծել իրենց խնդիրները։

«Այս ներկայացման ուղերձը լույսն է։ Պատկերացրեք, եթե անընդհատ մութ լինի, եթե արևը չծագի, եթե ծառը կտրեն, և այն այլևս չաճի, եթե հրդեհ բռնկվի, անձրև չգա։ Այդ պարագայում աշխարհը կվերանա»,-ընդգծում է դերասանուհին։
Առաջնախաղից հետո դահլիճում լռություն էր, արցունքոտ աչքեր էին։ Ակնհայտ էր՝ ստեղծագործական կազմը հասել է իր նպատակին։
Դորայի դերում Սոնա Վարդանյանն է, բեմանկարիչը Միկա Վաթինյանն է, պաստառի հեղինակը՝ Իվանա Կրչադինացը։
