Մշակույթ

Սփյուռքահայ արվեստագետ Աննա Պօղիկեանի գծանկարների հիման վրա ստեղծված ինքնատիպ գորգերը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում

9 րոպեի ընթերցում

Սփյուռքահայ արվեստագետ Աննա Պօղիկեանի գծանկարների հիման վրա ստեղծված ինքնատիպ գորգերը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում

Միջազգային ճանաչում ունեցող եգիպտա-կանադահայ արվեստագետ Աննա Պօղիկեանը՝ ոգեշնչված Հայաստանից, կարճ ժամանակամիջոցում ստեղծել է  ինքնատիպ գծանկարներ, որոնք Լեռնային Ղարաբաղից տեղահանված գորգագործները վերածել են արժեքավոր գորգերի: Հետաքրքրասերները կարող են ծանոթանալ գորգերին՝ այցելելով Հայաստանի ազգային պատկերասրահ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հիւսելու մշակոյթ» ցուցահանդեսում, որը բացվեց մայիսի 15-ին, ներկայացված են բնօրինակ նկարների շարքեր, երեսունյոթ ձեռագործ գորգեր և գոբելեններ, լուսանկարչական ու վավերագրական տեսանյութեր, ինչպես նաև Աննա Պօղիկեանի կեցության և գորգագործության ընթացքը ներկայացնող այլ նյութեր։

Ցուցահանդեսը հաջորդում է AHA collective-ի նախաձեռնած «Հիւսելու մշակոյթ» ստեղծագործական կացարանի ծրագրին, որի շրջանակում Աննա Պօղիկեանը 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին մեկամսյա ստեղծագործական բնակություն է ունեցել Հայաստանում՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի խոսքով՝ նախաձեռնությունն իր սրտին շատ հարազատ է, քանի որ հայկական մշակութային ավանդույթները մոտ են եվրոպականին, իսկ Մետաքսի ճանապարհը, որով հայկական գորգերի համբավը դարեր շարունակ տարածվել է՝ հասնելով Եվրասիայի տարբեր շրջաններ, դեռ շարունակվում է: «Այս նախաձեռնությունը դարավոր ավանդույթների և ստեղծագործական արտահայտչականության հանդիպման վայր է»,-ասաց նա և հավելեց՝ իրենց համար շատ կարևոր է աջակցել սփյուռքից արվեստագետի, որն աշխատել է տրավմատիկ փորձ ունեցող կանանց հետ:

Այդ կերպ նաև աջակցություն են ցուցաբերում տեղահանվածներին, որոնք հայտնվել են շատ դժվար իրավիճակում: «Նրանք աջակցություն են ստացել պետությունից, Հայաստանի ժողովրդից, բայց ԵՄ-ն նույնպես տարբեր ծրագրերի միջոցով օգնում է նրանց»,-ասաց Մարագոսը:

ԵՄ-ն մշտապես աջակցում է մշակութային ոլորտին, հայկական մշակույթի հանրայնացմանն ու տարածմանը: Ըստ Մարագոսի՝ այդ կերպ նաև ավելի լավ են ճանաչում Հայաստանի մշակույթը, ինչպես նաև գտնում են փորձի փոխանակման ձևեր, ճանապարհներ, որոնք այլ գեղարվեստական ստեղծագործության փորձեր կբերեն:

«Իրականացրել ենք մշակութային քաղաքականության շուրջ երկխոսություն, ունեցել ենք շատ մասնակիցներ, և սա մեր  գործընկերության կարևոր բաղադրիչներից մեկն է: Այսօր և վաղը ժամանակակից արվեստի համայնքն իրականացնում է մեծ համաժողով, որի շրջանակում խոսվում է՝ ինչպես հասնել միջազգային մշակութային չափանիշներին, ինչպես կապել բարձրարժեք արվեստն ու արհեստները: Նման ձևերով ստեղծում է լրացուցիչ հարթակ, որտեղ հնարավորություններ են ձևավորվում միջազգային ցուցահանդեսների մասնակցության, հայկական բրենդի ներկայացման: Այս ամենը մաս է կազմում տարածաշրջանի հետ մեր համագործակցության: Երբ խոսում ենք կապակցվածության, տարածաշրջանում խաղաղության և կարգավորման, տնտեսության և հասարակության զարգացման մասին, այս ամենը տեսնում ենք որպես այս ամբողջ փազլի մաս»,-ընդգծեց ԵՄ դեսպանը:

Ցուցահանդեսի համադրող, AHA collective-ի տնօրեն Նաիրի Խաչատուրյանը հիշեցրեց, որ AHA collective-ը 2019 թվականին ստեղծված համադրողական կառույց է՝ նվիրված ժամանակակից արվեստին: Այն գործում է Երևանում: Նրանք ժամանակակից արվեստի տարբեր նախագծեր են իրականացնում թանգարաններում, հանրային տարածքներում, սահմանամերձ գյուղերում:

«Աննա Պօղիկեանի հետ տարիներ շարունակ առցանց եմ շփվել: Միշտ ցանկացել եմ հնարավորության դեպքում նրան հրավիրել Հայաստան: 2024 թվականին նրան հյուրընկալեցինք AHA collective-ի ցուցասրահում, որտեղ նա ունեցավ իր առաջին հանրային զրույցը, և Հայաստանի հանրությունը ծանոթացավ նրան և նրա արվեստին: Այդ ժամանակ ցուցասրահում ցուցադրվում էին Դավիթ Քոչունցի հեղինակած գորգերը, որոնք ստեղծվել էին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կարմիր գորգի համար: Աննային շատ հետաքրքրեց ժամանակակից գորգի հետ աշխատանքը, ուստի Հայաստանում ԵՄ առաքելության հետ մշակեցինք  նախագիծ, որպեսզի Աննա Պօղիկեանին կրկին հրավիրենք Հայաստան, որպեսզի կարողանա այստեղ ստեղծագործել»,-պատմեց համադրողը:

AHA collective-ի հետ մեկամսյա համագործակցության ընթացքում Աննա Պօղիկեանն այցելել է գորգագործական արհեստանոցներ, հանդիպել Լեռնային Ղարաբաղից տեղահանված գորգագործ կանանց և ճանապարհորդել Հայաստանի հարավային սահմանային Մեղրի քաղաք։ Այդ այցերից էլ սկիզբ է առել թղթից գորգ հյուսելու գործընթացը։ Ինը ամիսների ընթացքում գորգագործները` տեղացի ներկարարների համագործակցությամբ, սփյուռքահայ արվեստագետի տեսլականը վերածել են գորգարվեստի հարուստ լեզվի՝ օգտագործելով տեղական բուրդ և ավելի քան երկու հարյուր գույն։ Նախագիծը միավորել է տեղահանված կին գորգագործների, այդ թվում՝ հայտնի «Արցախ կարպետ» արհեստանոցի անդամների՝ աջակցելով նրանց շարունակել իրենց աշխատանքը Երևանում և հարակից գյուղերի արհեստանոցներում։

«Այժմ պատկերասրահում ցուցադրում ենք 37 գորգի և գոբելենների շարքեր, որոնք Աննայի՝ Հայաստանում ստեղծված առաջին գծանկարների հիման վրա են ստեղծվել: Կարող ենք ասել, որ սա նրա առաջին ցուցահանդեսն է Հայաստանում: Գեղեցիկ է նաև այն փաստը, որ գորգագործները կարողացել են իրենց գիտելիքը, փորձառությունն Աննայի ժամանակակից գեղարվեստական լեզվով վերածել գորգի»,-ասաց Խաչատուրյանն ու հավելեց, որ մեծ ցանկություն ունեն  ցուցադրությունը ներկայացնել աշխարհի տարբեր թանգարաններում: Արդեն բանակցություններ են վարում այդ ուղղությամբ:

Նայիրի Խաչատուրեանի համադրությամբ ներկայացվող Աննա Պօղիկեանի «Հիւսելու մշակոյթ» ցուցահանդեսը ներկայանում է որպես ժամանակակից էպոս, որտեղ գորգը վերածվում է պատմող ձայնի՝ խոսելով թե՛ Հայաստանի հովվերգական ու դիցաբանական անցյալի, թե՛ նրա ներկա աշխարհաքաղաքական իրականության մասին, որը թրծվում է պատերազմների, տեղահանությունների և սահմանային շարունակական սպառնալիքների պայմաններում։

1946 թվականին Կահիրեում ծնված Աննա Պօղիկեանն իր ստեղծագործությունը վերածել է աշխարհի յուրատեսակ քարտեզագրման՝ միջնադարյան մեծ ճանապարհորդների ոգով։ Կես դարի ընթացքում արվեստագետը ճանապարհորդել է չորս մայրցամաքներով՝ բացահայտելով կապերը միկրոպատմությունների և այն ուղիների միջև, որոնցով նյութական մշակույթները ձևավորվում են անընդհատ փոփոխվող մարդկային աշխարհագրությունների պայմաններում՝ միաժամանակ հենվելով մեր հավաքական երևակայության մեջ ապրող առասպելների վրա։ Նրա ստեղծագործական գործունեությունը հիմնված է խորքային հետազոտությունների վրա. գրականությունը, թվային մեդիան և իր ժամանակավոր բնակության վայրերում իրականացված դաշտային աշխատանքները, որոնք վերածվում են արտահայտիչ նկարների, քանդակների, արվեստի գրքերի և լայնածավալ ինստալացիաների։ Աղի, մետաքսի և բամբակի պատմությունների ուսումնասիրությունից հետո Պօղիկեանն իր ուշադրությունը կենտրոնացրել է գորգագործության արվեստի և Հայաստանում հյուսելու մշակույթի վրա։

Հայկական գորգերի համբավը դարեր շարունակ տարածվել է Մետաքսի ճանապարհով՝ հասնելով Եվրասիայի տարբեր շրջաններ։ Հայկական պատմական գորգերն իրենց տեղն են գտել պալատներում ու պաշտամունքի վայրերում, ինչպես նաև բնակելի ներսույթներում և Վերածննդի դարաշրջանի նատյուրմորտներում։ Այսօր Աննա Պօղիկեանն արժևորում է Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից սերունդներ շարունակ փոխանցված գիտելիքն ու վարպետությունը, որոնց շնորհիվ գորգը վերածվում է խնամքի, հիշողության և երկխոսության յուրահատուկ միջավայրի՝ կապելով աշխարհագրական տարածքներն ու սերունդները։

Ցուցահանդեսը բաց կլինի 2026 թվականի մայիսի 15-ից մինչև օգոստոսի 15-ը։ Այն կուղեկցվի հանրային ծրագրերի շարքով, ինչպես նաև AHA collective-ի կողմից հրատարակված երկլեզու՝ հայերեն-անգլերեն պատկերագրքի շնորհանդեսով։

«Հիւսելու մշակոյթ» նախագիծը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ «Արագ արձագանքման մեխանիզմի» շրջանակում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում