ՍԱՏՄ-ն կասեցրել է Բերդավանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
1 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Տավուշի մարզի Բերդավան բնակավայրում գործող՝ անհատ ձեռնարկատեր Արայիկ Նավասարդյանին պատկանող ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ, որոնց հիմքով արտադրամասի գործունեությունը կասեցվել է։
Մասնավորապես, արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։ Խախտումներ են արձանագրվել նաև դռների և պատուհանների մասով․ դռները եղել են անհարթ և չեն ունեցել չներծծող մակերես, իսկ բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։
Արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչև արձանագրված խախտումների ամբողջական վերացումը։