Մշակույթ

Գյումրիում մեկնարկել  է եռօրյա «Դալան ֆեստ» ռոք փառատոնը

3 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկել  է եռօրյա «Դալան ֆեստ» ռոք փառատոնը

Գյումրիում օգոստոսի 7-ին մեկնարկել  է եռօրյա «Դալան ֆեստ» ռոք փառատոնը, որն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ և «Մանուկյան ընկերության» նախաձեռնությամբ։ Այս փառատոնը համերգային յուրօրինակ հարթակների  է վերածում քաղաքի պատմական դալանները։

«Գյումրու դալանները եղել են ինքնատիպ, ժամանակակից մտածողությամբ երիտասարդների հավաքատեղիներ, որտեղ հնչել է ռոք երաժշտություն։

Երբ 2019-ին մենք առաջին անգամ անցկացրինք «Դալան ֆեստ»-ը, մեր նպատակն էր մի կողմից վերականգնել այդ ավանդույթը, մյուս կողմից՝ հնարավորություն տալ ռոքասեր հանրությանը, քաղաքի բնակիչներին և հյուրերին՝ այդ փառատոնի ընթացքում բացահայտել Գյումրու ինքնատիպ ճարտարապետական նմուշ դալանները, որոնք ոչ բոլոր քաղաքներում կան։

Մենք ուզում ենք ցույց տալ, որ դրանք նաև կարող են դառնալ մշակութային միջավայրեր և հարթակներ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նշել է Գյումրու համայնքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝  տեղեկացնելով, որ 2019 թվականին առաջին անգամ անցկացված փառատոնը երկար տարիներ դադարի մեջ էր հիմնականում ֆինանսական խնդիրների պատճառով, և միայն այս տարի հնարավոր դարձավ կրկին վերակենդանացնել ռոքային երեկոները։

Այս տարի ընտրվել են Գյումրու լավ պահպանված և մեծությամբ հարմար երեք դալաններ, որոնք օգոստոսի 7-9-ը կշնչեն ռոքային ռիթմերով։

Նախաձեռնողների վստահեցմամբ՝ փառատոնային ակտիվությունը նպատակ ունի երաժշտական կյանքը դուրս բերել համերգասրահներից՝ Գյումրու հանրային միջավայրերում ապահովելով անվճար և բաց միջոցառումներ համաքաղաքացիների և հյուրերի համար։

Փառատոնի առաջին օրը՝ օգոստոսի 7-ին, բացումը տեղի է ունեցել Շահումյան 188 հասցեում, որտեղ հանդես է եկել «KANGUN» խումբը՝ Լևոն Երկանյանի (վոկալ, կիթառ), Հովհաննես Հովհաննիսյանի (թավջութակ, կիթառ), Րաֆֆի Մուրադյանի (բաս կիթառ) և Հրաչ Ամիրխանյանի (հարվածային գործիքներ) կազմով։

Այսօր՝ օգոստոսի 8-ին, փառատոնն իր դռներն է բացում Տիգրան Մեծ 8 հասցեում, որտեղ ելույթ կունենա «TIEZERK» խումբը՝ Լուսինե Մլքե-Գալստյանի, Էլիզա Բաղդիյանի, Շուշան Թամանյանի և Նարեկ Բաղդասարյանի մասնակցությամբ։

Վաղը՝ օգոստոսի 9-ին, փառատոնը եզրափակիչ համերգով կկայանա Գորկու 67 հասցեում, որտեղ նվագելու է «KOUCHI BLUES» խումբը՝ Արմեն Բաբախանյան, Գուրգեն Էբեջյան և Լևոն Հախվերդյան կազմով։

Կազմակերպիչներն արել են ամեն ինչ, որպեսզի փառատոնային կատարումները լինեն առավելագույնս հասանելի։

Բոլոր համերգներն անվճար են, իսկ մայրաքաղաքից ժամանող հյուրերի հարմարավետության համար օգոստոսի 8-9-ին գործելու է անվճար երթուղի Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ։ Ժամանումը՝ Երևանի Հանրապետության հապարակից՝ 12։00-ին, վերադարձը Գյումրու Վարդանանց հրապարակից նախատեսված է ժամը 21։00-ին։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում