Մշակույթ

«Դալան Ֆեստ»-ը կարող է դառնալ ամենամյա ռոք-փառատոն Գյումրիում

4 րոպեի ընթերցում

«Դալան Ֆեստ»-ը կարող է դառնալ ամենամյա ռոք-փառատոն Գյումրիում

Գյումրիում անցկացված «Դալան Ֆեստ» ռոք-փառատոնը կարող է դառնալ ամենամյա։ Կազմակերպիչների և Գյումրիի քաղաքապետարանի գնահատմամբ՝ փառատոնը հետաքրքրություն է առաջացրել ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում։

Եռօրյա փառատոնի ընթացքում Գյումրին վերածվել էր ռոք երաժշտության կենտրոնի. քաղաքի պատմական դալանները՝ կամարները, դարձել էին բացօթյա բեմեր, որտեղ ելույթ էին ունենում ռոք խմբեր։

««Մանուկյան» ընկերության նախաձեռնությամբ և Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ անցկացված փառատոնը հնարավորություն է տվել վերականգնելու քաղաքում ձևավորված երաժշտական ավանդույթներից մեկը։

Դատելով ընդհանուր պատկերից՝ կարելի է արձանագրել, որ այս փառատոնը հետաքրքրություն ունի ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։ Մեզ համար շատ կարևոր հանգամանք էր նաև այն, որ մասնակից խմբերը նշում էին՝ իրենց երաժշտական ձևավորման գործում մեծ ազդեցություն է ունեցել «Բամբիռ» ռոք խումբը, և իրենք կարևորում էին այն փաստը, որ այսօր քաղաքում վերականգնվում է կամարի տակ երգելու ավանդույթը»,-«Արմենպրես»-ի թղթակցին ասել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Նրա խոսքով՝ փառատոնին ավագ սերնդի և երիտասարդ ռոքասերների ակտիվ մասնակցությունն ու խանդավառությունը հիմք են տալիս մտածելու, որ այն պետք է դառնա ամենամյա։

«Կազմակերպիչներն անելու են ամեն բան, որպեսզի փառատոնը ստանա իր «քաղաքացիությունը» Գյումրիում, և ամեն տարի կազմակերպվի ռոքասերների ու ռոք խմբերի հանդիպումը»,-ասել է Թովմասյանը։

Գյումրիում ռոք երաժշտության և կամարների տակ հավաքվելու ավանդույթը ձևավորվել է դեռևս 1970-ականներին։ Այդ տարիներին քաղաքում ձևավորված «Բամբիռ» ռոք խումբը երաժշտասերների հետ հավաքվում էր կամարների տակ և նվագում-երգում։ Խումբն ունի նաև «Կամարի տակ» երգը, որը հենց այդ միջավայրում միասին երգելու հրավեր է։

«Սա ոչ միայն փառատոնի կազմակերպում է, այլև ավանդույթի վերականգնում։ «Բամբիռ»-ի՝ կամարների տակ երգելու ավանդույթը փոխանցվում է նոր երաժիշտներին։ Շենքերի կամարաձև մուտքերում կրկին ռոք երաժշտություն է հնչում, ինչպես 70-ականների Լենինականում»,-նշել է Լիլիթ Թովմասյանը։

Նրա խոսքով՝ նման փառատոները հնարավորություն են տալիս երաժշտությունը դուրս բերել դահլիճներից, քաղաքի բնակիչներին և հյուրերին պարգևել հետաքրքիր ու տարբերվող երեկոներ։ Դրանք նաև հարթակ են երիտասարդ ստեղծագործողների համար և նպաստում են արվեստի ու մշակույթի միջավայրի ձևավորմանը։

«Ինձ համար կարևոր արձանագրում էր այն, որ հատկապես փառատոնի բացման ժամանակ, երբ բեմին էին URU և «Կանգուն» բենդերը, հանդիսականը նրանց հետ հավասար երգում էր։ Սա գալիս է ապացուցելու, որ այս երիտասարդ բենդերը սիրված են ռոքասերների կողմից»,-ասել է Թովմասյանը։

«Դալան Ֆեստ»-ի շրջանակում քաղաքի պատմական դալանները վերածվել էին բացօթյա բեմերի։ Փառատոնի ընթացքում ելույթ են ունեցել «Կանգուն», URU, TIEZERK և KOUCHI BLUES ռոք խմբերը։

Կազմակերպիչների խոսքով՝ նախատեսվում է շարունակել աշխատանքը, որպեսզի «Դալան Ֆեստ»-ը դառնա Գյումրիում ամենամյա ռոք երաժշտական միջոցառում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում