Մանկական գրքի հնգամյա փառատոնը շարունակում է ամրապնդել ընթերցողների և գրականության միջև կապը
4 րոպեի ընթերցում

Մանկական գրքի փառատոնը հինգերորդ տարին շարունակ իր շուրջ է համախմբում ինչպես փոքրիկ, այնպես էլ մեծահասակ ընթերցողներին՝ նրանց հնարավորություն տալով ծանոթանալ նոր գրքերի հետ, հանդիպել սիրելի հեղինակներին, դիտել ֆիլմեր, համերգներ, թատերականացված ներկայացումներ։
Փառատոնին, որն անցկացվում է մայիսի 30-ից հունիսի 1-ն Անգլիական այգում, երեսուն տաղավարում մանկապատանեկան գրականություն և կրթական խաղեր են ներկայացնում թե՛ նոր, թե՛ բազմափորձ հրատարակիչներն ու կրթամշակութային կազմակերպությունները, որոնք փաստում են՝ տարեցտարի գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է։

Փառատոնն անցկացնում է «Զանգակ» գրատների ցանցը, աջակիցներն են Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հունիսի 1-ին փառատոնին ներկա էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա փոքրիկների համար ընթերցեց «Բվիկի և նրա բնի մասին» հեքիաթը, այնուհետև պատասխանեց երեխաների հարցերին ու լուսանկարվեց նրանց հետ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ավինյանը հիշեցրեց, որ Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է և ընդգծեց՝ հանրային, քաղաքական գործիչները պետք է մշտապես խոսեն երեխաների պաշտպանության և անվտանգության մասին։ «Մեր մեծ պարտականությունն է մեր երեխաների, մեր քաղաքի, երկրի բոլոր մանուկների համար պայմաններ ստեղծել, որպեսզի նրանց մանկությունը, պատանեկությունը երջանիկ անցնեն։ Այդ ճանապարհին արդեն իսկ մեծ ջանքեր ենք գործադրել, և մեր երեխաներն իրապես երջանիկ մանկություն ունեն»,-նշեց նա։
Անդրադառնալով ընթերցանությանը՝ Ավինյանը շեշտեց, որ կարդալու ժամանակ գտնում է, սակայն նախապատվությունը հիմնականում տալիս է մասնագիտական գրականությանը։

Վերջին գիրքը, որն ընթերցել է, վերաբերել է երեխաների հոգեբանությանը։ «Խոսքը Դենիել Գոուլմանի «Հուզական ինտելեկտ» գրքի մասին է։ Այդ գրքում կարևորվում է 2-ից 5 տարեկան երեխաների հետ աշխատելու մեթոդաբանությունը, որպեսզի հուզական ինտելեկտը նաև երեխաների մոտ զարգանա»,-ընդգծեց Երևանի քաղաքապետը։
«Զանգակ»-ի մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանի խոսքով՝ հինգ տարի շարունակ կազմակերպում են փառատոնը՝ նպատակ ունենալով երեխաներին համախմբել գրքի և ընթերցանության շուրջ։ «Փառատոնի երեք օրերը շատ հագեցած և ակտիվ են անցել։ Հազարավոր երեխաներ են մասնակցել միջոցառումներին։ Կազմակերպել ենք գրքերի շնորհանդեսներ, խաղեր և այլն։ Արել ենք հնարավորը, որ փոքրիկներն առավոտյան գան այգի և մինչև ուշ երեկո այստեղ մնան։ Այս տարի արտերկրից երկու հյուր ունենք։ Հյուրերից է Դացե Կրեսլինյան, որը Երևանում ներկայացրեց «Ավերակներ զբոսայգում» գիրքն ու հանդիպեց փոքրիկ ընթերցողների հետ և Կատարինա Մացուրովան, որի «Մեծ, համեղ և անսովոր» գրքի շնորհանդեսը ևս կազմակերպվեց փառատոնի շրջանակում»,-պատմեց Օհանյանն ու հավելեց՝ տարվա նորությունն ազգային խաղերն են։

Փորձել են գյուղական միջավայր ստեղծել երեխաների համար և նրանց հնարավորություն տալ առավել անմիջական մթնոլորտում տարբեր խաղեր խաղալ։
Աստղիկ Օհանյանը հավաստիացրեց՝ տարեցտարի փառատոնի այցելուների թիվը մեծանում է և ծնողներին հորդորեց բաց չթողնել ամռան ամիսներն ու անել ամեն բան, որ երեխաներն ընթերցեն, կապվեն գրքի հետ։ «Եթե այսօր երեխաները գիրք կարդան, վաղը կդառնան մտածող քաղաքացիներ»,-եզրափակեց նա։