«Փոքր Մհեր» արհեստական բանականությամբ ստեղծված լիամետրաժ անիմացիոն ֆիլմը կբարձրանա հայաստանյան մեծ էկրան
5 րոպեի ընթերցում

Հայաստանում և տարածաշրջանում առաջին անգամ արհեստական բանականությամբ ստեղծված «Փոքր Մհեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի հիմքում «Սասնա ծռեր» դյուցազներգությունն է։ Շուրջ 80 րոպե տևողությամբ կինոնկարում, որը հայաստանյան մեծ էկրաններին կլինի Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Հունիսի 1-ին, հայկական էպոսը ներկայացվում է ժամանակակից և նորարարական մեկնաբանությամբ։
Սյուժեի կենտրոնում Մհերն է, որը դուրս է գալիս Ագռավաքարից և հայտնվում է մերօրյա հայկական գյուղում՝ բախվելով նոր իրականության։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախագծի հեղինակ և ռեժիսոր Հովհաննես Մարգարյանը պատմում է՝ ֆիլմի գաղափարը ծնվել է որդու հետ զրույցների ժամանակ։

«Քննարկում էինք մեքսիկական շատ հայտնի մուլտ, որից ոգեշնչված՝ նա ուզում էր՝ անպայման միասին գնանք Մեքսիկա։ Հարցնում եմ, թե ինչն է քեզ գրավում այդ երկրում, պատասխանում է, որ մուլտֆիլմում այն շատ լավ է նկարագրված։ Եթե Մեքսիկայում կարողանում են այնպիսի մուլտ նկարահանել, որի շնորհիվ իմ տղան ցանկանում է տեսնել Մեքսիկան, ապա հնարավոր է Հայաստանում այնպիսի մուլտ նկարահանել, որի միջոցով մեքսիկացին կցանկանա տեսնել Հայաստանը»,-նշում է Մարգարյանը։
Անդրադարձ է կատարվել էպոսի «Փոքր Մհեր» ճյուղին, քանի որ այն ավելի առեղծվածային է, անավարտ։ Ըստ ռեժիսորի՝ թե՛ Սանասարի և Բաղդասարի, թե՛ Սասունցի Դավթի և մյուս հերոսների պատմություններն ավարտուն են, ամբողջական, իսկ Փոքր Մհերի պարագայում այդպես չէ, ուստի կարելի է շարունակել նրա պատմությունը։
Մարգարյանի կարծիքով՝ Փոքր Մհերի՝ Ագռավաքարում փակվելու որոշումը ոչ միանշանակ է։ Անիմացիոն ֆիլմը տալիս է այդ հարցի պատասխանը, որը սուբյեկտիվ է։

Մուլտֆիլմի առանցքային գաղափարներն են հերոսությունը, ընկերասիրությունը, սեփական արժեքներին հավատարիմ մնալը և փոփոխվող ժամանակներում ինքնությունը պահպանելու կարևորությունը։
Անիմացիոն ֆիլմը նկարահանվել է արհեստական բանականությամբ, քանի որ այն լայն հնարավորություններ է ընձեռում։
«AI-ն այն գործիքն է, որը թույլ է տալիս սեղմ ժամկետում և դասական անիմացիայի համեմատ շատ ավելի փոքր բյուջեով ստանալ լիամետրաժ մուլտ։ Ժամանակակից տարրերը պահպանված են, որովհետև 21-րդ դարի երեխաներին դժվար է գրավել 20-րդ դարի գործիքակազմով։ Նրանք պատկերներն այլ կերպ են ընկալում, նրանց խաղալիքներն այլ տեսք ունեն։ Նրանք այլ կերպ են պատկերացնում հերոսին, հետևաբար, պետք է հաշվի առնել թիրախային լսարանը՝ երեխաներին, և նրանց տալ այնպիսի պատկեր, որը նրանց ծանոթ է, հետաքրքիր է։ Հույս ունեմ, որ այս մուլտից հետո նրանք կհետաքրքրվեն էպոսով, կկարդան այն, եզրակացություններ կանեն»,-շեշտում է Հովհաննես Մարգարյանը։
Ստեղծագործական կազմն արել է հնարավորը, որ համամարդկային արժեքները՝ ընտանիք, հավատարմություն, քաջություն և այլն, ընկալելի լինեն տարբեր մշակույթների ներկայացուցիչների համար։

Այժմ աշխատում են ֆիլմը մի քանի լեզվով թարգմանելու և ադապտացնելու ուղղությամբ։
«Որոշել ենք, թե ինչ բնավորություն պետք է ունենան կերպարներն ու ըստ դրա ստեղծել ենք նրանց արտաքին տվյալները։ Հավաքել ենք շատ օրինակներ, թե ինչ աչքեր, հոնքեր, հայերին բնորոշ քիթ ու դիմագծեր պետք է ունենան։ Այդ ամբողջ ինֆորմացիայի հիմա վրա ստացել ենք հերոսներին»,-նշում է անիմացիոն ֆիլմի գեղարվեստական ղեկավար Անուշ Ղազարյանը։

Հատուկ ուշադրություն է դարձվել ազգային տարազների և միջավայրի պատմամշակութային հավաստիությանը՝ աշխատանքային գործընթացում ներգրավելով ոլորտի առաջատար մասնագետների և փորձագետների։
«Գուցե տպավորություն ստեղծվի, թե այդ ամենը հեշտ է ստացվել, բայց հեշտ չէ AI-ով վիզուալ ստանալը, և մեր առաջ շատ բարդություններ են եղել։ Մենք դրանք լուծելով ենք գնացել։ Մասնագետները, որոնք աշխատել են գեներացիաների վրա՝ նկարիչներ, դիզայներներ, իրենց ամբողջ գիտելիքն օգտագործել են հնարավորինս լավ պատկեր ստանալու համար»,-հավաստիացնում է Ղազարյանը։

«Փոքր Մհեր» անիմացիոն ֆիլմի հնչյունավորման վրա աշխատել են Խորեն Լևոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Լևոն Հարությունյանը, Դավիթ Հակոբյանը, Արուսիկ Տիգրանյանը, Արեգ Գևորգյանը, Վահագն Գասպարյանը, Վահեն (Բոննի), Արևիկ Գևորգյանը, Ռաֆայել Երանոսյանը և այլք։

