Մոնրեալի արձանագրությանը միանալուց հետո Հայաստանն առաջընթաց է գրանցել օզոնային շերտի պահպանության գործում
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 24-րդ անգամ է նշում օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրը։ 2005 թվականից ՄԱԿ-ի հետ իրականացվող օզոնային շերտի պահպանությանն ուղղված մի շարք ծրագրերի շնորհիվ Հայաստանն ապահովում է Վիեննայի կոնվենցիայով և Մոնրեալի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը, և այդ առումով համաշխարհային համաձայնագրերից քչերն են գրանցել այն հաջողությունը, ինչ օզոնային շերտի պահպանության մասին վերոհիշյալ փաստաթղթերը։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս տեսակետը հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, որը կրում էր «Օզոնային շերտի պահպանություն և կլիմայի փոփոխության մեղմում» խորագիրը։
Նախարարի դիտարկմամբ՝ Հայաստանը լեռնային երկիր է, որի տարածքի զգալի մասը գտնվում է բնական բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ, հետևաբար այդ առումով օզոնային շերտի փոփոխություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի բնակչության, բուսական և կենդանական աշխարհի համար։
«Օզոնի պարբերական չափումները Հայաստանում կատարվում են 1993 թվականից և այսօր իրականացվում են Արագածի լանջին տեղակայված կայանի միջոցով: Ստացված տվյալները մենք փոխանցում ենք գլոբալ մթնոլորտային դիտարկման ցանցին։ Հայաստանը 1999 թվականից վավերացրել է Վիեննայի կոնվենցիան և Մոնրեալի արձանագրությունը։ Նշված փաստաթղթերի շրջանակում կառավարության, գիտական համայնքի և արդյունաբերության համատեղ աշխատանքի արդյունքում մինչ այժմ հաջողվել է փոխարինել գազերի 99 տոկոսը։ Օզոնային շերտն այժմ վերականգնվում է՝ նպաստելով մարդկության և էկոհամակարգերի առողջացմանը։ Սա լավ առիթ է ամփոփելու և գնահատելու Հայաստանի կատարած աշխատանքը»,-նշեց Սիմիդյանը։
Նրա փոխանցմամբ՝ առկա ծրագրերի միջոցով Հայաստանը փորձում է հզորացնել և արդիականացնել երկրի ոլորտային, ինստիտուցիոնալ կարողություններն ու ամրապնդել գոյություն ունեցող համակարգերը։ Օզոնաքայքայիչ նյութերի և ֆտորացված գազերի փուլային փոխարինման շարունակականությունը և Կիգալիի արձանագրությամբ ամրագրված փոփոխությունների իրականացումը չափազանց կարևոր են, քանի որ դրանք միտված են առկա ոլորտային կառուցակարգերի միջոցով նպաստելու կլիմայական փոփոխությունների մեղմմանը։
«Հայաստանը շարունակում է օզոնաքայքայիչ նյութերի փոխարինման գործընթացը։ Ի թիվս բազմաթիվ երկրների՝ Հայաստանին նույնպես տրված է տվյալ նյութերի որակի չափաքանակ։ Հայաստանը երբեք չի արտադրել օզոնաքայքայիչ նյութեր, այլ եղել է դրանք ներկրող երկիր։ Դրանք այն նյութերն են, որոնք օգտագործվում են սառեցման, օդորակման համակարգերում։ Օզոնաքայքայիչ նյութերի փոխարինման գործընթացի պատշաճ կատարման և ցանկալի արդյունքների արձանագրման համար մեկ գերատեսչության աշխատանքը բավարար չէ, քանի որ ինչպես անհատական մակարդակում, այնպես էլ հանրային կառավարման մակարդակում հաճախ լինում են իրավիճակներ, երբ անհրաժեշտ ջանքերի մեկտեղումը և նպատակային գործողությունների համադրումը պետք է նպաստեն ցանկալի արդյունքի հասնելուն։ Այդ պատճառով էլ համագործակցում ենք բոլորի հետ և արդեն իսկ հաջողություններ ենք գրանցել ԿԳՄՍ, Էկոնոմիկայի նախարարությունների ու ՊԵԿ-ի հետ, ինչպես նաև մասնավոր սեկտորի ու շահագրգիռ ՀԿ-ների հետ համատեղ աշխատանքներում»,- ասաց ՇՄ նախարարը։
Միջոցառմանը ներկա ՄԱԿ-ի շրջակա միջավայրի՝ օզոնի ծրագրի հարցերով քարտուղարության գործադիր քարտուղար Սեկի Նակամուրան ասաց, որ Հայաստանն իսկապես Մոնրեալի արձանագրությանը միանալուց հետո բավականին առաջընթաց է գրանցել օզոնային շերտի պահպանության գործում՝ հաջողությամբ կյանքի կոչելով ազգային ծրագիրը։
«Հայաստանը ակտիվորեն մասնակցում է օզոնի հարցերով մեր քարտուղարության աշխատանքներին, հանդես է եկել զեկուցողի կարգավիճակով տարբեր կոմիտեներում, ստանձնել է նաև կառույցի համանախագահությունը, որի ընթացքում աչքի է ընկել կառուցողական մոտեցումներով։ Ընդունվող բոլոր որոշումները հետագայում պետք է ազգային մակարդակով իրականացվեն, ինչպես նաև խթանվեն հանրային իրազեկման աշխատանքները։ Այս տարվա հոկտեմբերին Նայրոբիում կայանալիք համաժողովի ժամանակ կքննարկենք ոլորտային կարևոր հարցեր։ Անշուշտ, համաժողովին հրավիրված է նաև Հայաստանը, որտեղ Ամբերդի օզոնաչափական կայանը միակն է տարածաշրջանում և մեծ ներդրում ունի սիստեմատիկ դիտարկումների և տվյալների փոխանակման գործում»,- նշեց ՄԱԿ-ի շրջակա միջավայրի՝ օզոնի ծրագրի հարցերով քարտուղարության գործադիր քարտուղարը։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն իր հերթին հույս հայտնեց, որ Հայաստանն իր գործունեությամբ կնպաստի, որպեսզի օզոնի հարցերով քարտուղարությունը մշտական ներկայացուցչություն ունենա ՀՀ-ում, քանի որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն, անշուշտ իրենց գործընկերների կարիքն ունեն։
«Մեզանից յուրաքանչյուրի դերակատարությունը չափազանց կարևոր է, որովհետև բնության պահպանությունը բոլորիս խնդիրն է։ Մենք կատարում ենք առօրյա գնումներ՝ մեծ ուշադրություն դարձնելով անվտանգային հարցերին։ Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ պատկերացում չկար օդորակիչների մասին և հիմա խրախուսում եմ նրանց, ովքեր զերծ են մնում օզոնաքայքայիչ նյութերի օգտագործումից, ինչն, անշուշտ, դրականորեն ավելի է փոխում մեր կյանքը։ Միայն համատեղ գործողություններով կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի»,- ասաց Սկաուն։
Մանվել Մարգարյան