«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին
1 րոպեի ընթերցում

«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի երկրորդ օրը աշխարհի տարբեր երկրների 16 թիմերի հեծանվորդները հաղթահարել են Կիրանց-Ստեփանավան շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ առաջինը եզրագիծը հատել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին (Team Ukyo)՝ ընդամենը մի քանի միլիմետրով առաջ անցնելով հերոսաբար պայքարած Լեոնարդո Վեսկոյից (Biesse-Carrera-Premac)։
Նա մրցուղին հաղթահարել է 40.882 կմ/ժ միջին արագությամբ՝ 4 ժամ 19 րոպե 46 վայրկյանում։
«Tour of Armenia»-ն հեռարձակվում է միջազգային մի շարք հեղինակավոր հարթակներում, այդ թվում՝ HBO Max, Disney+, ESPN, FloSports, Okko, SBS, SPOTV և Zhibo TV։
«Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը UCI Europe Tour-ի օրացույցում ընդգրկված է որպես 2.2 կարգի մրցաշար։ Առաջին մրցափուլը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին. այն մեկնարկել է Գավառից և ավարտվել է Մեծ Մասրիկում՝ անցնելով Սևանա լճի ափերով՝ ընդգրկելով ընդհանուր 135 կմ տարածություն։