Հայաստան

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից

4 րոպեի ընթերցում

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մանվել Քեշիշյանը սեպտեմբերի 11-ից ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է e-gov.am հարթակը։

Մանվել Քեշիշյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ վերջերս է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել և սեպտեմբերի 11-ն իր վերջին աշխատանքային օրն է ՀՀ վարչապետի աշխատակազմի Ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնում։ Նա ընդգծել է, որ մեկ տարի առաջ սեպտեմբերին է միացել վարչապետի աշխատակազմին, իսկ նոյեմբերին ստանձնել է նորաստեղծ Ռազմավարական հաղորդակցության վարչության ղեկավարումը։

«Ինձ համար սա առաջին հերթին զրոյից նոր կառույց ստեղծելու, մեծ ներուժ ունեցող վարչություն կառուցելու և արդյունավետ համակարգեր ձևավորելու մասին էր։ Զրոյից սկսելը հեշտ չէ, բայց մասնագիտական առումով նաև չափազանց հետաքրքիր է, երբ հնարավորություն ունես ձևավորելու մոտեցումներ, գործընթացներ և աշխատանքի մշակույթ։ Այս ամիսների ընթացքում, պետական հաղորդակցության համար բարդ ու կարևոր ժամանակաշրջանում, մեծ աշխատանք է արվել։ Հրապարակվել են տասնյակ ուսումնասիրություններ և մասնագիտական նյութեր, մեկնարկել են պետական հաղորդակցության համակարգի զարգացմանն ուղղված մի շարք գործընթացներ, ձևավորվել են կարևոր տեղական և միջազգային համագործակցություններ, իրականացվել են վերապատրաստումներ և կարողությունների զարգացման ծրագրեր և այլն»,-գրել է Քեշիշյանն ու հավելել, որ իր համար ամենակարևոր արդյունքն այն է, որ ստեղծվել է ամուր հիմք՝ Հայաստանում պետական ռազմավարական հաղորդակցության հետագա զարգացման համար։

Մանվել Քեշիշյանն ընդգծել է՝ ուրախ և հպարտ է, որ հնարավորություն է ունեցել լինել այս վարչության առաջին պետը և իր ներդրումն ունենալ դրա ձևավորման մեջ։

«Ինձ համար առանձնահատուկ կարևոր էր նաև տարիների ընթացքում ձեռք բերած մասնագիտական փորձն ու գիտելիքները պետական ծառայության մեջ կիրառելու հնարավորությունը։ Դա մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն։ Շնորհակալ եմ վարչապետի աշխատակազմի և պետական կառավարման համակարգի բոլոր գործընկերներին։ Առանձին շնորհակալություն պետական գերատեսչությունների խոսնակներին և հաղորդակցության պատասխանատուներին, մեր մեդիա գործընկերներին, ինչպես նաև տեղական ու միջազգային գործընկերներին՝ համագործակցության և վստահության համար։ Ամենամեծ շնորհակալությունս իմ թիմինն է։ Հրաշալի մասնագետներ և հրաշալի մարդիկ։ Եթե այսօր նորից թիմ հավաքելու հնարավորություն ունենայի, նույն մարդկանց կընտրեի»,-գրառման մեջ նշել է Քեշիշյանը։

Ըստ նրա՝ ռազմավարական հաղորդակցությունն այսօր պետական կառավարման անկյունաքարային ուղղություններից է, այն պետության կարողության մասին է՝ հասկանալու իր լսարանին, բացատրելու իր քաղաքականությունն ու որոշումները, ձևավորելու վստահություն և դիմակայելու տեղեկատվական սպառնալիքներին։ Վստահ եմ, որ այս ուղղությունը Հայաստանում շարունակելու է զարգանալ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում