Ռափայել Պատկանյանի երախտավոր հայրը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ի պատիվ հորս, այսքանը միայն կասեմ, որ նա Նախիջեւանի համար ամբողջ 30 տարի մի տեսակ բարոյական արեգակ էր, որ յուր շուրջը սփռում էր լույս եւ ճշմարտություն: Այն ընդհանուր հարգանքը եւ զարմանքը, որ շրջապատել էր հորս, կարծես թե պիտի դարձներ նորան անձնապաստան, ինքնահավան, եսամոլ, բայց իրոք այդպես չեղավ. հայրս միշտ մնաց համեստ…»:

Ռաֆայել ՊԱՏԿԱՆՅԱՆ

Ինչպես գրականագիտության խորագիտակ դեսպաններն են փաստում՝ ավելի քան մի ամբողջ դար Պատկանյանների տոհմը բացառիկ դեր է խաղացել հայ հասարակական մտքի առաջընթաց պատմության մեջ: Այդ տոհմի տաղանդավոր ներկայացուցիչներ Սերոբե, Գաբրիել, Միքայել, Ռաֆայել եւ Քերոբե Պատկանյանները անգնահատելի ծառայություն են մատուցել հայ ազգային նոր լեզվի եւ գրականության, դպրոցի, մանկավարժության, թատրոնի եւ հայ պատմագիտության զարգացման բնագավառում: Մեր սույն հրապարակումը այդ երախտավորներից մեկի՝ Գաբրիել Պատկանյանի մասին է, նրա, ում անվանում էին «երեւելի մանկավարժ եւ պոետ», «գողթան երգիչ», «քաջ հայկաբան», «շնորհազարդ մատենագիր», «հազվագյուտ ճարտասան»: Կենսագիրները, թվելով նրա կրած անլուր տառապանքները, հայրենաշունչ գործչին համարել են «կենդանի նահատակ», մի նավավար, որ բազմիցս պատերազմել էր ազգային փոթորիկների հետ…

Երեք տարեկան էր Թիֆլիսում ծնված փոքրիկը, երբ ընտանիքը տեղափոխվում է Աստրախան: Սովորում է հոր՝ Սերովբե Պատկանյանի հիմնադրած Աղաբաբյան դպրոցում, ապա ռուսական հոգեւոր սեմինարիայում: Ուսումնառության ընթացքում տիրապետում է ռուսերենին, անգլերենին, գերմաներենին: 1827-ին նշանակվում է Աստրախանի հոգեւոր կոնսիստորիայի ատենադպիր եւ հոգեւոր դպրոցի ուսուցիչ, ձեռնադրվում քահանա: Մինչ այդ նշանակումը նա արդեն թարգմանել էր Դիոդորոս Սկիլացու «Պատմութիւն Մեծին Աղեքսանդրի Մակեդոնացւոյ» գիրքը եւ գրել «Վարդապետութիւն ուղղափառութեան Հայաստանեայց եկեղեցւոյ» աշխատությունը: 1826-ին տեղափոխվել էր Նոր Նախիջեւան, քաղաքային վարժարանում դասավանդել հայերեն, ռուսերեն, պատմություն, աշխարհագրություն, աչքի ընկել հասարակական ակտիվ գործունեությամբ: Լինելով ազգային հոգեկերտվածքով օժտված ու կարեկից անձնավորություն, եկեղեցական գումարներով գնված հացահատիկով օգնել է ընչազուրկ գյուղացիներին, առաջ քաշել եկեղեցական գումարների համար հաշվետու լինելու հարցը, ինչը պատճառ էր դառնալու վարժարանից հեռացման:

1836-ին, քաջ գիտակցելով լուսավորության դերը, բացում է մասնավոր վարժարան, որտեղ նրան աշակերտում են ազատության երգիչ Միքայել Նալբանդյանը, իր որդին՝ Ռաֆայել Պատկանյանը, այլ նշանավորներ: 1847-ին «երեւելի մանկավարժը» Ներսես Աշտարակեցու հրավերով տեղափոխվում է Թիֆլիս, նշանակվում Նորաշեն եկեղեցու վանահայր, երկու տարի հետո կարգվում Ներսիսյան դպրոցի տեսչի պաշտոնակատար, միաժամանակ հրատարակում «Արարատ» աշխարհաբար շաբաթաթերթը:

1852 թվական. Նոր Նախիջեւանում Հ. Խալիբյանի դեմ կազմակերպված մահափորձին մասնակցելու ամբաստանությամբ 7 տարի բանտարկվում է Ռոստովի բանտում: Ու թեեւ 1860-ին ազատվում է, բայց կայսերական հրամանով կարգազուրկ է արվում, իսկ 1861-ին Գ. Այվազովսկու հրամանով ցմահ աքսորվում Վյատկա: Հայ հասարակության եւ մասնավորապես որդիների՝ Ռաֆայել Պատկանյանի եւ եղբայրների ջանքերով 1862-ին փոխադրվում է Կոստրոմա, ապա՝ Պետերբուրգ, որտեղ զբաղվում է ուսուցչությամբ եւ գրական գործերով:

Ընդգրկուն է «քաջ հայկաբանի» գրական գործունեության շրջանակը. կազմել է դասագրքեր, բառարաններ, օրացույցներ, գրել տոմարագիտական ու կրոնագիտական աշխատություններ: Թողել է գրական հարուստ ժառանգություն: Ժամանակի սիրված երգերից են դարձել նրա «Գողթան երգեր» շարքի «Հարսանիք Արտաշեսի եւ Սաթենկայ», «Յուլունսն Շամիրամայ», «Արի արքայն արքային», «Վահագն» բանաստեղծությունները: Ժամանակի ոգին արտահայտել եւ պայքարի կոչ է արել տասնյակ գործերում՝ «Օրորոցի երգ գյուղական այրի կնոջ», «Գեղեցիկ Նախիջեւան», «Քրտնաջան այգեպան», «Իշխան անխելք եւ հիմար», «Առ Հայրենիս», «Փունջ հայոց պատմության»: Իսկ «Վարդնամակ կամ արկածք Վարդանա», «Դյուցազն մեր ժամանակի» ստեղծագործությունները հայ արկածային վեպի առաջին փորձերից են:

Գաբրիել Պատկանյանի գրական ժառանգության մեջ ծանրակշիռ տեղ է գրավում դյուցազներգությունը. «Շավարշ Երկրորդ կամ նորոգյալ Հայաստան», «Անուշավան», «Հռիփսիմե կամ փրկություն Հայաստանի», «Զավան եւ Փառնակ Ա», «Պարույր կամ առումն Նինվեի»՝ գործեր, որոնցում հեղինակը ջանացել է պատմական հերոսների անունների տակ ներկայացնել ժամանակի մարդկանց եւ դեպքեր, անցյալի հերոսական կերպարներով ոգեշնչել հայ երիտասարդ սերնդին, արթնացնել ազգային ինքնագիտակցությունը: Ճիշտ այնպես, ինչպես նրա տաղանդավոր զավակը՝ Ռաֆայել Պատկանյան հանրահայտ անունով:

Ազգային գործի նվիրյալը թողել է նաեւ պատմական ուսումնասիրություններ՝ «Հայոց ազգի պատմությունը», «Միջնավեպք Հայոց ազգի պատմութենից»: Մեծարժեք ժառանգություն է նրա «Հիշատակարան» աշխատությունը, որն իր ընդգրկումով, փաստերի առատությամբ եւ գրելաձեւի վարպետությամբ դասվում է մեր նոր գրականության նշանակալից երեւույթների շարքը: Մի կողմ չի թողել լեզվիմացությունը՝ թարրգմանել է Շեքսպիրի գլուխգործոցը՝ «Համլետ»-ը…

Այսպիսին է ազգային փոթորիկների միջով անցած «նավավարի», «քաջ հայկաբանի», «շնորհազարդ մատենագրի» վաստակն ու ոգեղեն հունձքը, որով սերունդներ են սնվել…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն