Գրքեր, որոնք պետք է կարդալ. առաջարկում են արմենպրեսականները

13 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դասակա՞ն գրականություն, թե՞ ժամանակակից, գեղարվեստակա՞ն գրականություն, թե՞ մասնագիտական. շատերն են տարվա ընթացքում հնչեցնում այս հարցերը նախքան որևէ գիրք կարդալը: Գիրք նվիրելու օրվա առթիվ «Արմենպրես»լրատվական գործակալության աշխատակիցներն ընթերցողներին պատմում են տարբեր գրքերից ստացած իրենց տպավորությունների մասին՝ խորհուրդ տալով կարդալ բազմաոճ և բազմաբովանդակ գրականություն:

«Անկեղծ ասած` նվեր-գրքերի մի հսկա շարք էր գոյացել. բոլորն իրենց հերթին էին սպասում։ Երբ ուզում ես երեխադ գիրք կարդա, ինչքան էլ նրան բացատրես դրա կարևորությունը, միևնույն է` նա կգնա իր հետաքրքրությունների հետևից, մինչև դու նրա համար օրինակ չծառայես։ Ընտանիքում սահմանել ենք յուրաքանչյուր օր 30 րոպե պարտադիր ընթերցանության ժամ։ Բոլորիս ձեռքին այդ պահին գիրք կա. անգամ չորսամյա փոքրիկը անգիր ասում է իր իմացած հեքիաթները, ու տպավորություն է, թե կարդում է։ Այդպես և ես եմ ինձ հնարավորություն տալիս կարդալու այն բոլոր գրքերը, որոնք ծրագրել էի ընթերցել, և երեխաներին եմ կապում գրքի հետ` պարբերաբար ճշտելով, թե ինչ գրքեր կցանկանան ունենալ և տոներին նրանց գրքեր նվիրելով»,- պատմում է «Արմենպրես»-իտնօրեն ՆարինեՆազարյանն ու ընդգծում՝ վերջերս հասցրել է կարդալ նվեր ստացած գրքերից մի քանիսը, որոնք էլ խորհուրդ է տալիս ընթերցողներին. դրանք են՝ Գուրգեն Խանջյան «Հիվանդանոց», Աշոտ Աղաբաբյան «Գաղտնիքների տիրակալը», Միգել Անխել Աստուրիաս «Պարոն նախագահ», Գոլի Թարաղի «Վերադարձ», Հենրի Քիսինջեր «Աշխարհակարգ»։

Գործակալության գլխավոր խմբագիր Շանթ Խլղաթյանն առաջարկում է կարդալ բոլոր ժամանակների մեծագույն գրողներից մեկի՝ Ֆյոդոր Դոստոևսկիի «Կարամազով եղբայրներ», «Ոճիր և պատիժ» վեպերը: «Սրանք այն գործերն են, որոնք առաջինն եմ խորհուրդ տալիս, երբ ինձ հարցնում են, թե ինչ գիրք կարելի է կարդալ կամ նվիրել: Երկու ստեղծագործություններն էլ տարիներ առաջ եմ ընթերցել, հետո վերընթերցել եմ ու առաջիկայում էլի կկարդամ: Բոլորովին վերջերս կարդացել եմ Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր ֆերարին» ստեղծագործությունը, որից մեծ բավականություն եմ ստացել: Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» և Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսը» ստեղծագործությունները ևս կարող եմ դասել պարտադիր ընթերցելու գրքերի շարքում»,-շեշտում է նա, իսկ ամուր նյարդեր ունեցողներին խորհուրդ տալիս ընթերցել Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» ստեղծագործությունը, որում ամենայն մանրամասնությամբ ներկայացված է պատերազմի ողջ դաժանությունը:

«Որպես պատմավեպերի սիրահար՝ կարող եմ ինձ վրա մեծ տպավորություն գործած մի քանի վեպ խորհուրդ տալ. Հենրիկ Սենկևիչ՝ «Խաչակիրները», «Յո երթաս», Իլիաս Եսենբեռլին՝ «Ոսկե հորդա», Բոլեսլավ Պրուս՝ «Փարավոնը», Սերգեյ Բորոդին՝ «Աստղեր Սամարղանդի վրա»»,-եզրափակում է Խլղաթյանը:

«Ինչպե՞ս են կազմակերպվում պաշտոնական հանդիպումները, ովքե՞ր են օդանավակայանում դիմավորում պաշտոնական հյուրերին, ո՞ր դեպքերում է հանդիսավոր ընդունելություն կազմակերպվում, ի՞նչ մանրուքներ է հաշվի առնում հյուրընկալող կողմը, ինչպե՞ս է ընտրվում հանդերձանքը: Այս և նմանատիպ այլ հարցեր, կարծում եմ, մեզնից շատերի մոտ առաջացած կլինեն տարբեր պաշտոնյաների Հայաստան կամ այլ երկիր այցերի ժամանակ: Շատերին հետաքրքրած կլինի արարողակարգը, աշխարհ, որը միջազգային, միջպետական հարաբերություններում կամուրջներ է կառուցում, իսկ ահա որևէ սխալի դեպքում հետընթաց ապահովում: Այս անգամ որոշեցի առաջարկել ընթերցել փոքր-ինչ տարբերվող գիրք. խոսքը Հովհաննես Վիրաբյանի «Պետական արարողակարգ» գրքի մասին է: Այն պատմում ու բացահայտում է արարողակարգի հետ կապված բազմաթիվ հետաքրքիր դրվագներ, ներկայացնում հաջողված ու ձախողված օրինակները: Սովորեցնում, կրթում, ուղղորդում, ընթերցողի ուշադրությունն է հրավիրում պահելաձևի, հագուկապի, այնպիսի տարրերի վրա, որոնց մասին քիչ է խոսվում, որոնց մասին քիչ գրականություն կա: Առաջին հայացքից թվում է, թե նեղ մասնագիտական գիրք է ու ոլորտին առնչվող անձանց համար է: Ինչպես գրքի հենց առաջին տողում է նշվում. «Արարողակարգը կարևոր դեր ունի մեր կյանքում, այդ թվում, նաև միջանձնային շփումներում, դիվանագիտական գործունեության մեջ և միջազգային հարաբերություններում»: Կարծում եմ՝ շատ օգտակար ընթերցանություն կլինի շատերի համար»,-հավաստիացնում է «Արմենպրես»-ի մամուլի սրահի և հատուկ նախագծերի պատասխանատու Աննա Գզիրյանը:

Ըստ գործակալության խմբագիր Սամվել Սարգսյանի՝ յուրաքանչյուր երեխա պետք է ընթերցի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հանրահայտ ստեղծագործությունը, Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» և Հովհաննես Թումանյանի հեքիաթները, իսկ երիտասարդները ճիշտ կլինի՝ կարդան «Թաիս» գիրքը:

«Կարծում եմ՝ պատերազմական երկրում ապրող մարդուն կհետաքրքրեն Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա», Մարկուս Զուսակի «Գրքի գողը», Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» և «Եվ արձագանքեցին լեռները» գրքերը: Հոսեյնիի պես ոչ ոք չի նկարագրել աֆղանական պատերազմը: Իսկ այն մարդիկ, որոնք ցանկանում են գտնել իրենց, կարող են ընթերցել Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» ստեղծագործությունը»,- եզրափակում է Սարգսյանը:

Քաղաքականևիրավական ոլորտները լուսաբանող լրագրող Կարեն Խաչատրյանը խորհուրդ է տալիս կարդալ Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» հակաուտոպիական վեպը, որի իրադարձությունները տեղի են ունենում ապագայում՝ մի հասարակարգում, որտեղ գրքերն արգելված են, և «հրշեջներին» հանձնարարված է վառել բոլոր գրքերը։ « «Հրշեջներից» մեկը հիասթափվում է կառավարության բռնապետական ռեժիմից և որոշում է միանալ դիմադրության շարժմանը։ Գրքում անդրադարձ է կատարվում գրաքննության վտանգների և մտքի ազատության կարևորությանը: Կարծում եմ՝ Չարլզ Դիքենսի «Պատմություն երկու քաղաքների մասին» պատմական վեպը ևս կհետաքրքրի մարդկանց: Գրքի իրադարձությունները զարգանում են ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Վեպում ներկայացված է Չարլզ Դարնեյի և Սիդնի Քարթոնի կյանքը՝ երկու տղամարդու, որոնք արտաքինով շատ նման են իրար, բայց բնավորությամբ շատ տարբեր: Գրքում շոշափվում են անձնազոհության, սիրո և քավության թեմաները: Բրեմ Սթոքերի «Դրակուլա» սարսափ վեպը, որում ներկայացված է կոմս Դրակուլայի՝ մարդկանց որսացող լեգենդար վամպիրի կյանքը։ Այս գիրքը հիանալի ընտրություն է այն մարդկանց համար, որոնք սիրում են ադրենալին, սարսափ ու հետաքրքրված են վամպիրների մասին բանահյուսությամբ։ Յուրաքանչյուր գրքում կա յուրահատուկ պատմություն և անմոռանալի կերպարներ, որոնք կարող են երկար ժամանակ մնալ ընթերցողի հետ»,-վստահեցնում է Կարենը:

Մշակութային ոլորտը լուսաբանող լրագրող Անժելա Համբարձումյանն առաջարկում է կարդալ 20-րդ դարի ականավոր հեղինակներից մեկի՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի ժամանակ» վեպը: «Մարկեսը երբեք չի դադարում զարմացնել: Եթե ծանոթ չես նրա արտասովոր գրելաոճին, կարող ես խճճվել, սակայն, ճանաչելով Մարկեսի յուրահատուկ ձեռագիրը, հասկանում ես նրա հանճարեղությունը, իսկ «Սերը ժանտախտի ժամանակ» ստեղծագործությունն ընթերցվում է մեկ շնչով: Այն պատմում է անմնացորդ սիրո, նվիրվածության մասին, կնոջ և տղամարդու ցանկությունների, սպասումների, ընտանեկան կյանքի, մարդկանց թռիչքների ու վայրէջքների, անկանխատեսելի և անհեթեթ մահվան ու կարոտների մասին: Մարկեսն ապրեցնում է, ոգևորում և հնարավորություն տալիս հավատալ իրական սիրուն»,- ասում է Անժելան:

Սպորտային լրագրող Վարվառա Հայրապետյանը վստահեցնում է՝ հատկապես մեր ժամանակներում անպայման պետք է կարդալ Գարեգին Նժդեհի բոլոր ստեղծագործությունները: «Կարդալով Նժդեհ՝ կճանաչենք ինքներս մեզ»,-շեշտում է Վարվառան:

«Շատ գովելի է, որ գրքի տոնն այսքան մեծ մասսայականություն է վայելում: Ոգևորիչ է, երբ տոնից զատ էլ գրախանութներում եռուզեռ է: Շատ ուրախանում եմ, երբ տեսնում եմ հայ դասականների վերահրատարակված գործերը: Սիրելի ու տպավորիչ գրքերը շատ-շատ են, բայց այսօր կցանկանայի առանձնացնել վերջերս ընթերցած գրքերից մեկը՝ Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպը: Տաքուկ անկյուն, մի բաժակ թեյ ու առեղծվածային պատմություն նախընտրողների համար այս գիրքն իդեալական տարբերակ է»,-ասում է «Արմենպրես»-ի սոցիալական հարթակների պատասխանատու Անի Սաֆարյանը:

«Հարց բժշկին» նախագծի հեղինակ, լրագրող Գայանե Գաբոյանի խոսքով՝ շատ են վերջին շրջանում կարդացած գրքերը, որոնք սիրելի են դարձել, սակայն նա խորհուրդ է տալիս ընթերցել Միշել Օբամայի «Becoming. իմ պատմությունը» ինքնակենսագրականը, որը սահուն, պարզ ու հետաքրքիր նկարագրում է Միշելին մինչև տիկին Օբամա դառնալը և նրա կյանքն ամուսնությունից հետո: «Այն մի շնչով կարդացվող, շատ բան սովորեցնող ստեղծագործություն է: Հատկապես ինքնակենսագրականների սիրահարների համար հետաքրքիր ու առանձնահատուկ տարբերակ է»,-հավաստիացնում է Գայանեն:

«Արմենպրես»-ի միջազգային լրատվության պատասխանատու խմբագիր Սյուզաննա Չրաղյանն առաջարկում է կարդալ Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ…» վեպը, որը պատմում է հաշմանդամություն ունեցող երեխաների մասին, որոնք ապրում են փակ հասարակությունում՝ իրենց յուրօրինակ աշխարհում: «Նրանք ունեն իրենց խնդիրները, դժվարություններն ու հաղթանակները: Գրքի սյուժեն չափազանց հետաքրքիր է և կլանող, և ընթերցողը հերոսների հետ «ճանապարհորդելիս» չի էլ զգում, որ երիտասարդներն ունեն ֆիզիկական խնդիրներ, որոնց պատճառով հայտնվել են «Տանը»: Վեպում առկա են նաև ֆանտաստիկ տարրեր»,-ասում է Սյուզաննան ու հավելում, որ ուշադրության է արժանի նաև Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը, որը հակիրճ և պատկերավոր ներկայացնում է մարդկության անցած ուղին:

Ըստ Չրաղյանի՝ ընթերցասերներին կարող են դուր գալ նաև Կոռնելիա Ֆունկեի «Թանաքե սիրտը», «Թանաքե արյունը», «Թանաքե մահը» ֆենթեզի ժանրի եռագրության գրքերը, որոնց հերոսները տեղափոխվում են հեքիաթային մի աշխարհ և հակառակը՝ այդ հեքիաթային աշխարհի հերոսներին են «բերում» իրենց աշխարհ: «Մեկ շնչով կարդացվող այս գրքերը կհետաքրքրեն ինչպես պատանիներին, այնպես էլ մեծերին, որոնք ուզում են կտրվել առօրյայից և հետևել հերոսների արկածներին»,-եզրափակում է նա:

Գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու նպատակով Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։

Տոնն արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ2008թվականից:

Գիրք նվիրելու օրվաշրջանակում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրողներն այցելում են դպրոցներ, հաղորդակցվում աշակերտների հետ և գիրք նվիրում նրանց, գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում