Չարչարանաց ճանապարհներով անցած լուսարար-ուխտավորը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ տպագրական գործը դարերի պատմություն ունի, պատմություն, որի էջերում անխամրելի տառերով է գրված գրահրատարակիչ, լեզվաբան, մշակութային գործիչ, արքեպիսկոպոս Ոսկան Ղլիջենցու, նույն իր՝ Ոսկան Երեւանցու անունը:

1614 թ. Իրանի Նոր Ջուղայում է ծնվել Ոսկան Երեւանցին, սովորել տեղի ծխատեր քահանայի մոտ, ապա հաճախել Խաչատուր Կեսարացու Ամենափրկիչ վանքի դպրոց, Երեւանում աշակերտել Մելիքսեթ Վժանեցուն: 1634-ին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի հրավերով Նոր Ջուղայից եկել է Էջմիածին, Ուշիի Սբ Սարգիս վանքում նշանակվել վանահայր: Մայր Աթոռում ծանոթացել է Դոմինիկյան վանական, գիտնական Պաուլո Պիրոմալլիի հետ, որը Հայաստան էր եկել Աստվածաշնչի հայերեն բնագիրը լատիներեն Վուլգատային հարմարեցնելու հանձնարարությամբ: Ոսկան Երեւանցին նրանից էր սովորելու լատիներեն, փիլիսոփայություն, երկրաչափություն, աստղաբաշխություն, քերականություն, լատիներենի փոխադրելու քերականության մի դասագիրք, ապա հարմարեցնելու գրաբարին, լատիներենից կատարելու մի շարք թարգմանություններ:

Ոսկան Երեւանցին, իր հետ ունենալով Հակոբ Դ Ջուղայեցու հանձնարարականը, 1662-ին մեկնում է Եվրոպա՝ Աստվածաշունչը հայերեն հրատարակելու: Նախ գնում է Լիվոռնո, ապա՝ Հռոմ, որտեղ ջանում է Վատիկանից ստանալ Հռոմում կամ Իտալիայի որեւէ այլ քաղաքում Սուրբ գիրքը տպագրելու թույլտվություն: Սակայն՝ ապարդյուն: Հետամուտ իր նպատակին՝ մեկնում է Ամստերդամ, 1664-ին ստանձնում Ամստերդամի Սբ Էջմիածնի եւ Սբ Սարգսի անվան տպարանի, որը 1660-ին հիմնել էր Մատթեոս Ծարենցին, տնօրինությունն ու ձեռնարկում Աստվածաշնչի տպագրության նախապատրաստական աշխատանքները: Փորագրիչներին պատվիրում է նոտրգիր, նոր տեսակի գլխատառեր եւ թռչնագրեր, բնագիրը պատրաստել տպագրության եւ իր աշակերտներ Կարապետ Անդրիանացու եւ Օհան Երեւանցու հետ սկսում տպագրությունը՝ հիմք ընդունելով ու օգտագործելով Կիլիկիայի Հեթում Բ-ի պատվերով 1295 թ. գրվածը: Այս բնագիրը Ոսկան Երեւանցին խմբագրում է ըստ Վուլգատայի, տպագրության ընթացքում թարգմանում եւ ավելացնում է Հին Կտակարանի մի քանի գրքեր, որոնք չեն եղել հայերեն Աստվածաշնչում: Տպագրելիս փորձում է միջին դիրք գրավել դասական հայերեն բնագրի եւ Վուլգատայի միջեւ, որպեսզի այն ընդունելի լիներ հայոց տարբեր դավանական համայնքների համար, որոնց նա լատիներեն գրքի փոխարեն առաջարկելու էր հայերենն ու հայատառը:

Երկու տարի յոթ ամսում է տպագրվում Ասկանյան Աստվածաշունչը: Տպագրությունը կատարված էր վարպետորեն, անվանաթերթերը կազմված էին չորս փայտափորագիր կտորներից՝ աջ եւ ձախ զարդանկարների մեջ Հավատ եւ Հույս խորհրդանշանները ներկայացնող մարդկային կերպարներով: Աստվածաշունչ բառը թռչնագրով էր, կազմը՝ կարմիր, կաշեպատ, հաստ տախտակից: Բանիմացորեն կիրառված էին հայկական առոգանության գրեթե բոլոր հիմնական նշանները, գործածված յոթ տեսակ տպագրատառեր: Գրեթե բոլոր նկարները գերմանացի Քրիստոֆել վան Զիխեմ կրտսերի փորագրություններն էին, որոնք կատարված էին Ռաֆայելի, Ալֆրեդ Դյուրերի, Հենդրիկ Գոլցիուսի եւ եվրոպական այլ նշանավոր վարպետների հայտնի նկարներից:

Ամստերդամում Ոսկան Երեւանցին հրատարակում է 14 անուն գիրք՝ Նոր Կտակարան, Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց», «Տօնացոյց», Շարակնոց, եւ այլն:

Իր գործի վարպետը իրավունք է ստանում տպարան հիմնել Ֆրանսիայի որեւէ քաղաքում: Երկրի թագավոր Լյուդովիկոս 14-րդը տալիս է նրան այդ հնարավորությունը՝ պայմանով, որ հրատարակվելիք գրքերը հակառակ չլինեն կաթոլիկ եկեղեցու դավանանքին: Սակայն Ոսկան Երեւանցին չի հաշտվում այն մտքի հետ, որ պետք է «սրբագրվեր» իր Ժամագիրքը, Մաշտոցը՝ «հռոմեական կրոնի վարդապետությանը հակառակ չերեւալու համար: Եվ Ֆրանսիայից անցնում է Իտալիա, կանգ առնում Լիվոռնոյում, այնտեղ տպագրում «Պարտէզ հոգեւոր» եւ Ռոբերտոս Բելարմինոսի «Վարդապետութիւն քրիստոնէական» թարգմանական գրքերը: Սակայն նյութական աջակցություն չգտնելով՝ տպարանը տեղափոխում է Մարսել՝ ընկերանալով քահանա Համազասպյանի հետ, որը, սակայն, հետագայում մեծ անախորժություններ էր պատճառելու նրան: Տեղի կաթոլիկ հոգեւոր իշխանությունը Հռոմից կարգադրություն էր ստացել հետեւել հայ գործչի հրատարակություններին: Ոսկան Երեւանցուց պահանջել էին «հայերեն եւ լատիներեն գրված «հավատո դավանության» գրություն եւ հայտնել, որ գրաքննվելու են նրա տպարանում հրատարակվող գրքերը: Չնայած այդ ամենին, նա որոշում է «Հայաստանեայց եկեղեցու ծեսերուն» հակառակ որեւէ բան չտպագրել: Բայց նրա գործընկեր Համազասպյան քահանան այդ մասին տեղեկացնում է իշխանությանը: Եվ սկսվում է գործի քննություն: Եռանդաշատ հրատարակիչն ահագնորեն ծանր է տանում նման դավաճանությունը, հուսալքվում, հիվանդանում, ընկնում է անկողին եւ որոշ ժամանակ անց կնքում իր մահկանացուն:

Ոսկան Երեւանցին իր կենսագրությունը՝ «Պատմութիւն Վարդապետին Ոսկանայ Երեւանցւոյ եւ կենցաղավարութիւն նորին» վերնագրով, տպագրել է Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեան» աշխատության վերջում՝ որպես առանձին գլուխ: Նրա հիմնադրած տպարանը գործել է քառորդ դար, այդ ընթացքում տպագրել 40 անուն կրոնաեկեղեցական եւ աշխարհիկ բարձրորակ տպագրությամբ հայերեն գրքեր, որոնցից նշանավոր են Աստվածաշունչը, Մովսես Խորենացու «Աշխարհացույցը», Վարդան Այգեկցու առակները: Եվ այս ամենը՝ տարբեր քաղաքներում՝ Ամստերդամ, Լիվոռնո, Մարսել: Ասել է թե՝ քաղաքից՝ քաղաք, չարչարանաց ճանապարհ, որն անցնելու էր իր գործի ճգնավորի նվիրումով եւ գալիք ժամանակներին թողնելու էր անխամրելի իր անունը՝ Ոսկան Երեւանցի…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն