Որ քանի եմք կենդանի՝ Հայաստան ո՛չ տի մեռնի...

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,9 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սերը հազար ձեւեր ունի մարդու մեջ բույն դնելու, անգամ այնպիսի անհնարին թվացող դրսեւորումներով, որպիսին է երբեւէ չտեսած մարդու կամ հայրենիքի հանդեպ հեռակա, բայց չափազանց իրական զգացմունքը...

Այդպես է Ղեւոնդ Ալիշանի դեպքում. հավերժ սիրահարված այն հողին ու աշխարհագրությանը, որտեղ հայրենիքն է, անհանգիստ նրա ներկայի ու ապագայի համար։

Հա՜յ ազգ, հա՜յ հանճար, քունն է զքեզ բռներ,

Քո՜ւն թանձր եւ երկայն, բայց ոչ մահ անհույս.

Ո՜վ արթընցընե զազգն իմ ի նոր լույս.-

Ես հազարներ տամ այնոր, տամ բյուրեր,

Որ զաչքըն բաց ըներ,

Ու չըլլա՜ր անցեր…

Բոլոր ժամանակներում ամենաքննվող հարցերից մեկը, թերեւս, գիտունի, մտավորականի դերի առանցքային հարցն է կյանքի այս կամ այն իրադրության ու իրադարձության հանդեպ, հատկապես՝ հայրենիքի օրհասական պահերին։ Ասես նրա կարիքը շատ է զգացվում, ու թվում է՝ նրանից սպասված խոսքը հնչելուց հետո անմիջապես գործի է վերածվելու։ Անտիկ շրջանից սկսած մինչեւ մեր օրերը չի լռել մտավորականի ձայնը, սակայն միշտ էլ ընկալվել ու ընդունվել է ընտրովի, եթե չասենք «ձայն բարբառո յանապատի»։ Մեկ անգամ չէ, որ մեր մտավորականներն ստիպված էին սրտի կսկիծով արձանագրել դա, ինչպես, ասենք, Մուրացանը, որ գրում էր. «Իմ բոլոր աշխատանքը, իմ քարոզներն ու հանդիմանությունները եղել են «ձայն բարբառոյ յանապատի»...»: Եվ, այնուամենայնիվ, որքան էլ մտավորականի աշխատանքը մնա սոսկ քարոզչության, ափսոսանքի կամ իրադարձությունները մեկնելու, արձանագրելու, այս կամ այն գործչին հանդիմանելու շրջանակներում, նա շարունակում է իր տքնաջան աշխատանքը հանուն ազգի ու հայրենիքի գոյատեւման, պետության կայացման։

Հիշենք Խորենացու «Ողբը», որ, տարաբախտաբար, ուղեկցել է մեր ժողովրդին դարեր ի վեր ու, ցավոք, ճշմարտացիությամբ անգիր դարձել մեզ համար. «Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետեւ վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»։ Ու, այդուհանդերձ, գտնվեց մի արքա Վռամշապուհ անունով, մի կաթողիկոս՝ Սահակ Պարթեւ, մի գրոց սիրահար՝ Մեսրոպ Մաշտոց, եւ ստեղծվեցին հայ ժողովրդի հավերժության գրավական հայոց տառերն ու այբուբենը, որ համարժեք են ռազմական վստահելի զինավառության, քանզի մտաց զենքով է նախ եւ առաջ կոփվում հաղթանակը մարտի դաշտում։ Այդպես էլ հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղեւոնդ Ալիշանը (Քերովբէ Պետրոս-Մարգարի Ալիշանեան), ծնված լինելով Կոստանդնուպոլսում՝ մոտ 1820 թ. հուլիսի 6-ին, այնուհետեւ ապրել ու աշխատելով Վենետիկի Սուրբ Ղազար կղզում եւ երբեւէ տեսած չլինելով Հայաստանը ու մահկանացուն կնքելով Վենետիկում՝ մոտ 1901 թ. նոյեմբերի 9-ին, իր պարտքն էր համարում ամեն կերպ աջակից ու մասնակից լինել հայրենիքի գոյատեւման պայքարին՝ այդ հարցում խիստ կարեւորելով երկրի աշխարհագրական միջավայրը, որով այն տարբերվում է մյուս երկրներից ու ժողովուրդներից։

Այս առնչությամբ էլ Վենետիկի՝ Աշխարհագետների համաշխարհային երրորդ կոնգրեսում Ալիշանը կարդաց «Հայկական աշխարհագիտություն» թեմայով զեկուցում, որով եւ պաշտպանեց «աշխարհագրական ուղղության» տեսությունը եւ գործնականում աշխատեց այդ ուղղությամբ։ Նա գյուղ առ գյուղ, գավառից գավառ մանրակրկիտ ներկայացրեց պատմական Հայաստանը՝ նյութեղեն ու ոգեղեն բնութագրով, հողով ու նրա ստեղծած բարիքներով, տեղային պատմական ու ազգային հիշողությամբ, հայերենի գրական ու բարբառային ճոխությամբ, հայակերտ կոթողներով՝ կանգուն թե ավերակված։ Հայագիտությանը նվիրաբերած նրա գիտելիքների հսկայական պաշարը նաեւ սկզբնաղբյուր դարձավ պատմագիտության, լեզվաբանության, աշխարհագիտության, բուսագիտության բնագավառների համար, ինչով էլ պայմանավորվեց նրա եզակի մեծությունը։ Հայր Ղեւոնդ Ալիշանն անսասան հավատով էր լցված հայ ժողովրդի ու հայրենիքի հարատեւության հանդեպ.

Թող աշխարհաց լուր լինի,

Որ քանի եմք կենդանի՝

Հայաստան ո՛չ տի մեռնի...

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում