Արվեստով և գրականությամբ մեր պարտքն ենք վերադարձնում Աստծուն. Հենրիկ Էդոյան

15 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, գրականագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանը գրականություն է մուտք գործել խորհրդային տարիներին, երբ ծաղկում էր ապրում մշակույթը: Նա կարծում է՝ իրենց սերունդը խորհրդային չէր: Այն աշխարհայացքով, ընկալումներով, գեղարվեստական որոնումներով ուրիշ էր: Էդոյանը նշում է՝ չնայած խնդիրներին, որոնք առկա էին Խորհրդային Միությունում, մարդիկ սպասում էին գեղեցիկին, նորին, իսկ այսօր, երբ ամեն բան առավել հասանելի է դարձել, հասարակությունն ասես անտարբեր է պոեզիայի, գրականության հանդեպ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հենրիկ Էդոյանը պատմել է խորհրդային իրականության, արվեստի մեծ ուժի, ներքին ազատության, պոեզիայի դերի ու նշանակության և մի շարք այլ կարևոր երևույթների մասին:

-Պարոն Էդոյան, սկսել եք ստեղծագործել Խորհրդային Միության տարիներին: Այդ շրջանում ինչի՞ մասին էիք գրում, ի՞նչ էիք փորձում ասել Ձեր ստեղծագործություններով:

-Իմ կյանքի մեծ մասն անցել է խորհրդային երկրում: Ծնվել եմ 1940 թվականին՝ պատերազմից առաջ: Դաստիարակվել, կրթվել, կյանքս անցկացրել եմ այդ երկրում: Իրականում խորհրդային երկիրն ավելի մեծ հասկացություն է, քան թվում է: Դրա պատմությունը տարբեր շրջաններով է անցնում. ստալինյան ժամանակների խորհրդային երկիրն այլ էր, խրուշչովյանը՝ ուրիշ, բրեժնևյանը՝ բոլորովին այլ: Իրադրությունը փոխվում էր: Ստալինյան տարիներին փոքր էի, բայց գիտեմ, որ այն դժոխք է եղել երկրի վրա: Մեր ծնողները դժոխային կյանքով են ապրել: Մեր ժամանակ արդեն թեթևացել էր դրությունը, և սարսափելի հալածանքներ, կացնային մոտեցում չկար: 60-ականներին շատ բան փոխվեց: Ճիշտ է՝ խորհրդային երկիր էր, խիստ գաղափարական, ինչ-որ չափով բռնապետական, բայց կյանք կար, կար մեծ հետաքրքրություն նորությունների, արվեստի, գրականության, մշակույթի նկատմամբ:

Առաջ մի բանաստեղծություն էինք հրատարակում ամսագրում կամ թերթում, բոլորը կարդում էին, մոտենում, հարց էին տալիս, իսկ հիմա այդպես չէ: Ո՞վ պետք է մոտենա, ո՞վ պետք է հարց տա: Այն ժամանակ մարդիկ զգայուն էին, սպասում էին մի գեղեցիկ բանի, ինչ-որ բան պետք է կատարվեր: Մեր սերունդը ձևավորվեց հենց այդ տարիներին. սկսեցին գրքեր հրատարակվել, թարգմանություններ արվեցին, արտասահմանյան գրականությունը մուտք գործեց մեր երկիր, իսկ դա անհետևանք չէր մնա: Երիտասարդությունը վերցնում է այդ ամենը, նա նորության հետամուտ է: Արդյունքում մեծ շարժում սկսվեց ոչ միայն գրականության, այլև ամբողջ մշակույթի ոլորտում՝ երաժշտության, կերպարվեստի, ճարտարապետության և այլն: Ամեն ինչ շուռ եկավ: Իսկ 80-ականները լճացման տարիներ էին, որևէ բան տեղից չէր շարժվում: Խորհրդային Միությունը փլուզվեց, կործանվեց հենց ինքն իր մեջ: Այն սպառել էր իրեն:

Կարծում եմ՝ մենք խորհրդային սերունդ չենք. ծնվել ենք, ապրել այնտեղ, բայց մեր աշխարհայացքով, ընկալումներով, գեղարվեստական որոնումներով խորհրդային չէինք, ուրիշ էինք: Չենք եղել քաղաքական դիսիդենտ: Բայց դա ավելի վատ էր մեզ համար, որովհետև այդ երկիրը ներում էր նույնիսկ նրան, ով կարող էի իր դեմ քաղաքական խոսք ասել, բայց չէր ներում, եթե դու իր նման չէիր: Մեր բանաստեղծությունները հեռավոր կապ չունեին այդ խորհրդային իրականության հետ, և նրանք դրանից նյարդայնանում էին, լրիվ չէին արգելում, բայց չէին էլ խրախուսում, ասում էին՝ իրենցը չենք, ուրիշ ենք, օտար ենք: Գրքերը շատ մեծ դժվարությամբ էին լույս տեսնում, տարիներ շարունակ մնում էին հրատարակչություններում: Մեր սերնդի ռուս գրողները Մոսկվայում շատ ավելի ծանր վիճակում էին: Բայց գրականությունը նախ ամեն ինչից անկախ է: Մարդու մտածողությունն ավելի լայն է, պոեզիան չի կարող սահմանափակվել ինչ-որ բանով, այն մարդու ներքին ազատության պրոյեկցիայի ամենաուժեղ արտահայտությունն է:

Գրականության մեջ մարդը գտնում է այն ազատությունը, որն իրականության մեջ չկա: Իրականության մեջ մենք ապրում ենք անհրաժեշտության թելադրանքով, անում ենք այն, ինչ պետք է անենք, ինչ անհրաժեշտ է: Թվում ՝ մարդիկ շատ գործ են կատարում, բայց դա նրանց խղճի թելադրանքը չէ, նրանց հետաքրքրության ոլորտը չէ: Անում են գործեր, որոնց հետ հոգևոր կապ չունեն: Դա աշխատանքի և մարդու անհամապատասխանությունն է, մինչդեռ մարդը պետք է իր գործն անի, այն գործը, որը հոգուց ու մտքից է գալիս: Մարդը պետք է ազատ լինի: Ազատությանը մարդը ձգտում է ամբողջ կյանքում: Ե՛վ անհատը, և՛ մարդկությունը ձգտում են ազատության, բայց չեն հասնում դրան, որովհետև լավ չեն պատկերացնում, թե ինչ է այն, որովհետև երբեք ազատ չեն եղել:

-Այս դեպքում ո՞րն է պոեզիայի խնդիրը, ընդգծե՞լ ազատության կարևորությունը:

-Պոեզիայի խնդիրը մարդու ներքին հոգևոր կատարելագործումն է, մղումը դեպի ազատություն: Այն մարդը, որն ինքն իրեն չի ճանաչում, չի կարող ազատ լինել: Դու պետք է իմանաս, թե ինչ ես ուզում, բայց մարդուն դա տրված չէ: Նա երբեմն չգիտի, թե ինչ է ուզում: Մարդու դժբախտությունը հենց դա է:

-Դուք նաև նշում եք, որ արվեստագետի գործը մարդն է:

-Այո՛: Արվեստի ամբողջ կիզակետը մարդն է: Արվեստը մարդու հետ գործ ունի: Այն նույնիսկ հասարակության հետ գործ չունի, պետության, տնտեսության, պատմության հետ կապ չունի, այլ՝ մարդու: Քեզ հետ գործ ունի, ինձ հետ: Ամեն ինչի հիմքը մարդն է: Հին հույներն ասում էին, որ մարդն է չափանիշն ամենայնի: Ամեն բան կառուցվում է մարդու շուրջ, արվեստի միակ առարկան մարդն է և այն ամենը, ինչը դրված է մարդու ներսում: Իսկ ի՞նչ է դրված մարդու ներսում, միշտ չէ, որ նա գիտի դա:

-Էռնեստ Հեմինգուեյն ասել է. «Աշխարհում չկա ավելի դժվար գործ, քան մարդու մասին հասարակ, ազնիվ արձակ գրելը»:

-Հեմինգուեյը պարզ էր գրում, բայց նրանում ներքին բարդություններ կան: Նրա կողքին ապրում էր մի ուրիշ հզոր գրող Ուիլյամ Ֆոլքները: Չես ասի, որ Ֆոլքները պարզ էր գրում… Երբ բարդը պարզեցնում ես, այն նույնքան վատ է, երբ պարզը բարդացնում ես: Իհարկե, գրականությունը պետք է որոշ չափով թափանցիկ լինի: Եթե բանաստեղծություն ես գրում ծառի մասին, այդ ծառը պետք է երևա: Պոեզիան մարդու վերաբերմունքն է. սիրում է, չի սիրում, տխրում է, չի տխրում և այլն, մարդու արձագանքն է: Առարկան, օբյեկտը, որի մասին խոսում ես, պետք է վերակառուցվի գրածիդ մեջ: Ուստի պարզն ու բարդը սահմանելը դժվար գործ է: Թոմաս Էլիոթն էլ գտնում էր, որ պոեզիան պետք է բարդ լինի: Այն մասսայական չէ: Հատկապես 20-րդ դարում մասսայական պոեզիա չի կարող լինել:

Մեր օրերում գրքերը տպվում են մի քանի հարյուր տպաքանակով: Եթե 500 լավ ընթերցասեր լինի քաղաքում, ես ուրախ կլինեմ: Էլիոթի գիրքն անգլերեն տպվում էր 3000 օրինակով: Դա փոքր տպաքանակ է ամբողջ Անգլիայի համար: Առաջ ՌԴ-ում, որը 150 մլն բնակչություն ունի, Պուշկինի գրքերը լույս էին տեսնում 1 մլն տպաքանակով: Վաճառվում էր, բայց հիմա 1000 օրինակ է հրատարակվում: Պոեզիան մասսայական չէ. այդպիսի բան չկա աշխարհում, մոլորակի վրա: Ամերիկայում չկա մի պոետ, որի մասին կարող ես համարձակ ասել, որ ամբողջ Ամերիկան ճանաչում է նրան: Եվրոպայում, Ռուսաստանում ևս չկա: Մարզադաշտում ռաբիս ժանրում ստեղծագործող երգչին լսելու կարող է գալ 50 հազար մարդ, բայց դա ի՞նչ կապ ունի երգի, երաժշտության հետ, այնինչ կան լավ երգիչներ, որոնք նման լսարան չեն հավաքի: Դոստոևսկին ասում էր՝ մարդը չափազանց լայն է, պետք է նրան նեղացնել մի քիչ: Մեզ մոտ հակառակն է: Մարդու գործած ամենալուրջ գործն արվեստն է, և գրականությունն այդ արվեստի գագաթն է: Չի կարելի անլուրջ մոտենալ արվեստին: Այն ժամանակ անցկացնելու համար չէ: Արվեստը շոգ օրերին զովություն չէ: Դժվար է արվեստով ապրել: Նա, որ ապրում է արվեստով, գիտի, թե ինչի մասին եմ խոսում ու ինչ եմ ասում:

-«Պոեզիայի երկակի տեսողությունը» գրքում գրում եք, որ մտադրությունը երբեք չի կարող հանգել համարժեք արդյունքին: Նա միշտ ավելի մեծ է, քան արդյունքը: Գրելիս մտածո՞ւմ եք արդյունքի մասին: Որպես գրականագետ, Ձեր բանաստեղծություններն արդարացնո՞ւմ են Ձեր սպասելիքները:

-Եկել ենք կյանք ապրելու համար, չէ՞: Ծրագրեր ունենք, մտադրություններ, որոշում ենք՝ ինչպես ապրել, երազանքներ ունենք, նպատակներ, բայց տարիների ընթացքում մեր ծրագրերի, մտադրությունների մի մասն է միայն իրականանում: Նապոլեոն Բոնապարտը ուզում էր նվաճել աշխարհը, բայց չկարողացավ լիարժեք իրականացնել իր մտադրությունը: Ոչ ոք իր բոլոր մտադրությունների իրագործմանը չի հասնում:

Արվեստում, գրականության մեջ հակառակն է: Երբեմն մտադրությունը մեծ չէ, բայց արդյունքն է մեծ: Ուզում ես բանաստեղծություն գրել մի բանի մասին, և դա մեծ մտադրություն չէ, բայց արդյունքը կարող է շատ ավելի մեծ լինել: Արվեստի դեպքում արդյունքը միշտ ավելի լայն ու մեծ է, քան մտադրությունը: Թումանյանը գրել է մի տղայի՝ Գիքորի մասին, մի փոքրիկի ճակատագրի մասին: Դա շատ մեծ մտադրություն չէ, բայց ստեղծագործությունը դարձել է մարդկային խղճի խորհրդանիշը: Կարդալիս լաց ես լինում, որովհետև խիղճդ վիրավորվում է: Նույնը կարելի է ասել «Պեպո» ստեղծագործության մասին: Մարդը գրականության մեջ մոտենում է հոգուն, որը շատ լայն է, և ինչքան մոտենում է նրան, այնքան արդյունքը մեծանում է. կյանքը, իրականությունն ու արվեստը տարբեր ուղղություններով են գնում, նույնը չեն, չեն կրկնում մեկը մյուսին: Գրականությունը չի պատճենում կյանքը, ինչպես հաճախ թվում է մարդկանց: Գրականությունը չի վերարտադրում կյանքը, այն ցույց է տալիս մարդու ներքին աշխարհը, մտքերը, որոնք կյանքում չեն մարմնավորվում:

-Իսկ ի՞նչ եք մտածել «Հայր մեր» բանաստեղծությունը գրելիս: Ասում եք. «Հայր մեր, որ յերկինս ես, Հայր մեր, որ յերկիրս ես»:

-Իր բարձրագույն իմաստով պոեզիան ևս աղոթքի մի ձև է: Կա մի տիեզերք, մի տիեզերական ոգի, որը կառավարում է այս ամենը, որը ներկա է մեր մեջ: Մենք հիմա ապրում ենք՝ չիմանալով ինչպես, արյունը շրջանառվում է մարմնիդ մեջ, չգիտես՝ ինչպես, սիրտդ բաբախում է, չգիտես՝ ինչպես: Ո՞վ է մեզ պահում: Կա տիեզերական ուժ, որը մեզ կյանք է տալիս: Նա անվճար է տալիս, և մենք պարտք ենք մնում նրան: Մարդը չի կարող վերադարձնել պարտքը, ուստի «Հայր մեր» աղոթքում ասվում է. «Թող մեր պարտքերը»: Պարտքն այստեղ նաև մեղքի իմաստն ունի: Դիմում ես այդ ուժին, որն իշխում է քո վրա և ուզում ես տեսնել նրան: Մենք բոլորս ներքուստ ինչ-որ բան զգում ենք, բայց ուզում ենք տեսնել այդ ուժի դեմքը, ինչը հնարավոր չէ: Ինչպե՞ս կարող ես տեսնել այդ տիեզերական էներգիայի «դեմքը». կմոխրանաս:

-Իսկ ի՞նչ դեր ունի երկիրը:

-Այդ տիեզերական ուժը երկնքում է, բայց նաև՝ երկրի վրա, իմ և քո մեջ: Մենք երկրի վրա ենք ապրում, իրերի աշխարհում, որն իր առանձնահատկություններն ունի: Ի վերջո մարդը կատարյալ չէ: Այդ իսկ պատճառով ասում եմ՝ կիսատ փողոցներ, կիսատ շենքեր և այլն: Ամեն ինչ կիսատ է մարդու մեջ: Այդ բանաստեղծության մեջ մենք չունենք դեմք ու ճակատագիր. ուզում ենք տեսնել Աստծուն՝ մեր դեմքը ձեռք բերելու համար:

-Գրականագետ Պետրոս Դեմիրճյանն ասել է, որ Ձեր բանաստեղծական էության մեջ առկա է ձգտումը դեպի դուրս՝ դեպի փողոցը և մարդիկ: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում, բնութագրում Ձեր գործերը:

-Փողոցն այն կյանքն է, որտեղ մենք ապրում ենք: Գրականությունը, պոեզիան պետք է կապված լինեն հենց այդ իրերի աշխարհի հետ: Փողոցը մարդու կեցության վայրն է: Տարբեր դարաշրջաններում մարդկանց կեցության վայրերը տարբեր են եղել: Միջնադարում եկեղեցին էր, և մարդիկ հիմնականում այնտեղ էին հանդիպում, հաղորդակցվում, նորությունները կիսում, 16-17-րդ դարերում թատրոններ էին այցելում: Թատրոնը միայն բեմը չէր, այլև դահլիճը, օթյակները, ճեմասրահները: Վենետիկում կամ Փարիզում գնում էին օպերա լսելու, իսկ դահլիճն ինքը յուրօրինակ օպերա էր. մարդիկ ուսումնասիրում էին միմյանց, լավ էին հագնվում, ծանոթանում էին իրար հետ: Դրաման ծավալվում էր ոչ միայն բեմի վրա, այլև դահլիճում: 21-րդ դարում հանդիպման լավագույն տեղը փողոցն է: Մարդը տանից փողոց է փախչում: Հեռուստատեսությունն ու կենցաղը նրան հետապնդում են: Նա ուզում է կյանքի, գոյության մի նոր ոլորտ մտնել: Փողոցում շատ մարդիկ կան, շարժ կա: Ասում են, որ մեծ մտքերը ծնվում են փողոցում: Որպեսզի շատ գրքային չդառնաս, պետք է փողոց դուրս գաս: Փողոցն աշխարհի պատկերն է: Լույսը և սիրո գաղափարը դրված են արվեստի և գրականության մեջ, որով մենք մեր պարտքն ենք վերադարձնում Աստծուն:

-Պարոն Էդոյան, Ձեզ հաճախ եմ տեսնում Երևանի կենտրոնական փողոցներում զբոսնելիս: Ի՞նչ եք տեսնում փողոցում, ի՞նչ գույն ունի քաղաքն այսօր:

-Փողոցում քայլում ես, բայց միշտ չէ, որ ուսումնասիրում ես այն: Ամբողջ կյանքում ապրել եմ այս քաղաքում՝ կենտրոնում: Հիմա ևս կենտրոնում եմ բնակվում: Հաճախ եմ փողոցում մարդկանց հանդիպում: Ինձ համար հարազատ միջավայր է, փողոց, որին չեմ կարող ամբողջովին ձուլվել: Դա ներքին ուժ ու շնչառություն, ներքին կյանք է տալիս: Ինչքան լավ մարդկանց ես տեսնում…

Ուղղակի հիմա ժպտացող դեմքեր քիչ են հանդիպում. շատ հազվադեպ, իսկ չէ՞ որ քաղաքը գեղեցիկ է ժպտադեմ մարդկանցով: Հասկանում եմ, որ իրականությունը ժպտալու չէ, բայց ահա երկինքն է, աստղերն են, արևն է… Այդ բոլորը աշխարհն են ու գեղեցկությունը:

-Շնորհակալ եմ հաճելի և հետաքրքիր զրույցի համար:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Հայերեն

23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին