Խաղաղության տոն՝ Գյումրիում

15:45, 15 Մայիս, 2010

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր, «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Գյումրու թիվ 30 դպրոցի դահլիճում տեղի ունեցավ «Խաղաղության ցուցահանդես» միջոցառումը, որին մասնակցեցին Շիրակի մարզի թվով 15 դպրոցների ավելի քան 250 աշակերտներ:

 

Նշենք, որ «Կանայք հանուն զարգացման» կազմակերպությունը Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից հայտարարված 2001-2010 թթ. «Խաղաղության մշակույթի խթանման եւ ո՛չ բռնություններին հանուն ամբողջ աշխարհի երեխաների» միջազգային տասնամյակի շրջանակներում, իրականացնում է «Խաղաղության ուսուցում եւ հակամարտությունների հաղթահարում Գյումրու դպրոցներում» ծրագիրը, որի շրջանակներում Գյումրի քաղաքի թվով 9 եւ Շիրակի մարզի Մեղրաշատ, Լանջիկ, Մուսայելյան, Կրաշեն, Բայանդուր եւ Գոգհովիտ համայնքներում ստեղծվել եւ մեծ ակտիվությամբ գործում են «Խաղաղության ուսուցման կենտրոն»-ները:

 

Միջոցառումը մեկնարկեց մարզում գործող այդ կենտրոնների սաների շքերթով, որից հետո երեխաները ներկայացրեցին իրենց նկարները եւ ձեռքի աշխատանքները, իսկ վերջում բոլորին համախմբեց Միասնության շուրջպարը: Ողջ միջոցառումն ուղեկցվում էր ասմունքով, երգով եւ պարով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Մարկոսյանը, այս ցուցահանդեսն արդեն կատարածի փոքր հաշվետվությունն է:

 

«Յուրաքանչյուր դպրոց ինքն է ընտրել իր դպրոցում իրականացրած աշխատանքների բնույթը, դպրոցականներն ազատ են եղել իրենց նկարները, ձեռքի աշխատանքները եւ ձեռք բերած գիտելիքները ներկայացնելու հարցում: Սա այն միջոցառումն է, որտեղ ներկայացվում է խաղաղությունը՝ երեխաների աչքերով»,-նշեց Գ. Մարկոսյանը: Ավելացնենք, որ միջոցառումը կյանքի է կոչվել գերմանական EED եւ նիդերլանդական ICCO կազմակերպությունների աջակցությամբ:


© 2009 ARMENPRESS.am