Տնտեսություն

Նոր հնարավորություններ՝ օրինապահ հարկ վճարողների համար. վերանայվել են հավաստագրի տրամադրման չափանիշներն ու ներդրվել նոր կարգավորումներ

4 րոպեի ընթերցում

Նոր հնարավորություններ՝ օրինապահ հարկ վճարողների համար. վերանայվել են հավաստագրի տրամադրման չափանիշներն ու ներդրվել նոր կարգավորումներ

Հայաստանի կառավարության 2026 թ․ հոկտեմբերի 8-ի որոշմամբ վերանայվել են օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրանադրման գործող չափանիշներն ու ներդրվել են նոր կարգավորումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ նշված փոփոխությունների նպատակն է օրինապահ հարկ վճարողների համար ստեղծել առավել բարենպաստ պայմաններ, խրախուսել հարկային կամավոր կարգապահությունն ու ամրապնդել հարկային մարմին - հարկ վճարող գործընկերային հարաբերությունները։

Մասնավորապես, համապատասխան որոշմամբ մեղմացվել են հավաստագրի տրամադրման որոշ չափանիշներ։ 2027թ․ հունվարի 1-ից վերանայվում է թույլատրելի իրավախախտումների արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունների սահմանաչափը. այն կկազմի ԱԱՀ-ով հարկման բազայի մինչև 0,1 %-ը, բայց ոչ ավելի, քան 10 մլն դրամը՝ գործող կարգավորմամբ սահմանված 0,05 %-ի և առավելագույնը 4 մլն դրամի փոխարեն։ Միաժամանակ, նախատեսվում է, որ հարկային հաշվարկների, հայտարարագրերի, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի ուշ ներկայացումը, ինչպես նաև հարկերի, տուրքերի, վճարների և կանխավճարների ուշ վճարումը չեն խոչընդոտի հավաստագիր ստանալուն, եթե նման իրավախախտումներն արձանագրվել են ոչ ավելի, քան երկու անգամ։

Կառավարության որոշմամբ սահմանվել են նաև օրինապահ հարկ վճարողի կարգավիճակին հավակնելու լրացուցիչ չափանիշներ։ 2027 թվականից սկսած հարկ վճարողը օրինապահի կարգավիճակ կկարողանա ստանալ, եթե դիտարկվող ժամանակահատվածում և նախորդող երկու հարկային տարիներին իր գործունեության արդյունքում հարկային վնաս չի ունեցել։ Բացի այդ, դիտարկվող ժամանակահատվածի կեսից ավելի ամիսների համար հարկ վճարողը պետք է հաշվարկած լինի առնվազն երկու աշխատողի նվազագույնից բարձր աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ։ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար դիտարկվող ժամանակահատվածում տնտեսվարողը, գործունեության ոլորտներով պայմանավորված, պարտադիր պետք է ունենա համապատասխան լիցենզիաներ, թույլտվություններ և արտոնագրեր։

ՊԵԿ-ից հիշենում են, որ 2027 թվականի հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը կտրամադրվի անժամկետ՝ ներկայում գործող մեկ տարի ժամկետի փոխարեն։ Միաժամանակ, եռամսյակային մշտադիտարկման միջոցով կգնահատվի հարկ վճարողի շարունակական օրինապահ վարքագիծը, որի արդյունքներով հավաստագրի գործողությունը կարող է դադարեցվել։

Գալիք տարվա հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողների համար կներդրվեն նաև սպասարկման և հարկային վարչարարության առավել բարենպաստ պայմաններ։ Մասնավորապես, հարկային մարմնի համապատասխան մասնագետի միջոցով կիրականացվի առաջնահերթ, անհատական և արտոնյալ պայմաններով սպասարկում։ Բացի այդ, համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների համար ռիսկայնությունը գնահատող չափանիշների նկատմամբ կկիրառվի 0,8 գործակից, ինչի արդյունքում կնվազի նրանց ռիսկայնության աստիճանն ու ստուգման ենթարկվելու հավանականությունը։

Իրականացվող բարեփոխումները միտված են օրինապահ հարկ վճարողի համակարգի գրավչության բարձրացմանը, հարկերը կամավոր վճարելու մշակույթի ամրապնդմանն ու օրինապահ հարկ վճարողների համար առավել կանխատեսելի և բարենպաստ տնտեսավարման միջավայրի ձևավորմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում