Մշակույթ

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում

2 րոպեի ընթերցում

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 4-ին տեղի կունենա պատմական իրադարձություն․ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ մեծ բեմում կներկայացվեն հայ կին կոմպոզիտորի օպերային ստեղծագործություններ։

Պատմական այս իրողության հեղինակը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն է։ Օպերային թատրոնի բեմում կներկայացվեն նրա «Reflections» եւ «Dialogue» մոնոօպերաները։

Ստեղծագործություններն արդեն արժանացել են միջազգային մասնագիտական հանրության ուշադրությանը․ մոնոօպերաներն ընդգրկվել են Recording Academy-ի 68-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխության «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգի երկար ցանկում։

Երկու մոնոօպերաների առանցքում կինն է՝ իր ներաշխարհով, զգացմունքներով ու ապրումներով, հիշողություններով, լռությամբ եւ ներքին երկխոսությամբ։ Ստեղծագործություններում կանացի զգացողությունը վերածվում է երաժշտական լեզվի, իսկ անձնական ապրումը՝ բեմական պատմության։

«Reflections» եւ «Dialogue» ստեղծագործությունները բացահայտում են կնոջ ներաշխարհի տարբեր շերտերը՝ նրա խոցելիությունն ու ուժը, ինքնաճանաչման ճանապարհը, հիշողությունը, սերը, սեփական «ես»-ի եւ սիրելի մարդու հետ երկխոսությունը։

Միջազգային հեղինակավոր հարթակում ուշադրության արժանացած այս ստեղծագործություններն այժմ իրենց բեմական կյանքը կստանան Հայաստանի գլխավոր օպերային բեմում՝ բացելով նոր էջ հայկական օպերային արվեստի պատմության մեջ։

Տոմսերը հասանելի են Օպերային թատրոնի տոմսարկղում կամ առցանց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում