«Սալոմե», «Երեք քույր». Երևանի դրամատիկական թատրոնը յուրահատուկ ներկայացումներով կազդարարի DramaLab հարթակի բացումը
6 րոպեի ընթերցում

DramaLab. այսպես է կոչվում Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի նոր հարթակը, որը երիտասարդ ստեղծագործողներին՝ դերասանների, ռեժիսորների և այլոց հնարավորություն կտա իրագործել նորարարական գաղափարները՝ հավատարիմ մնալով այն թատերական ավանդույթներին և միջազգային չափանիշներին, որոնք որդեգրել է Դրամատիկականը։
Առաջիկայում թատերական հարթակում սպասվում է երկու առաջնախաղ. «Սալոմե»՝ ըստ Օսկար Ուայլդի համանուն պիեսի և «Երեք քույր»՝ ըստ Անտոն Չեխովի համանուն ստեղծագործության։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրենի պաշտոնակատար Գրիգոր Խաչատրյանը հիշեցնում է՝ տարիներ առաջ, երբ նշանակվել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, բարձրաձայնել է այն մասին, որ յուրաքանչյուր թատրոն պետք է ունենա երկրորդ բեմ՝ փորձարարական հարթակ, որտեղ կկերտվի թատրոնի ապագան։
«Այդ էստաֆետը վերցրել եմ Արմեն Խանդիկյանից։ Նա ևս այդ գաղափարախոսության ջատագովն էր։ Սովորում էի նրա ռեժիսորական կուրսում, այնուհետև միասին դերասանական կուրս էինք վարում, հետո առանձին կուրս հավաքեցի, այժմ Թատերական ինստիտուտում ռեժիսորական կուրս ունեմ։ Այդ ամենն արվում է նրա համար, որ թատրոն գա նոր արյուն, տաղանդավոր երիտասարդություն, որովհետև սերնդափոխությունն անխուսափելի է»,-նշում է նա։
Երբ թատրոնի թիմին է միացել պրոդյուսեր Էդվարդ Մխիթարյանը, հստակ որոշել են՝ ժամանակն է ազդարարել հարթակի բացման մասին։ DramaLab-ն այժմ գործում է թատրոնի փորձասենյակում, սակայն շուտով շենքի առավել հարմար մի հատված կհատկացվի հարթակին։ Թատրոնն արդեն համապատասխան ծրագիրը ներկայացրել է Երևանի քաղաքապետարան, և այն հավանության է արժանացել։
Հարթակում բեմադրվելու են ներկայացումներ, կազմակերպվելու են համերգներ, դասախոսություններ ոչ միայն դերասանների, ռեժիսորների, այլև ձայնի, լույսի, բեմական իրեր պատրաստող մասնագետների համար։ Դասախոսությունները վարելու են արտերկրից հրավիրված մասնագետները։ Նման փորձառություն Դրամատիկականն արդեն ունի. «Սիրո վեց կանգառ» (ռեժիսոր՝ Գուրգեն Ծատուրյան), «Երեք քույր» (ռեժիսոր՝ Մաքսիմ Սոկոլով) ներկայացումները բեմադրել են հրավիրված ռեժիսորները։
«Հարթակն առաջին հերթին նախատեսված է ուսանողների համար, որոնք Թատերական ինստիտուտում անցել են իմ ռեժիսորական կուրսը։ Նրանք գիտեն մեր թատրոնի, իմ չափանիշները, սակայն հարթակն ազատ է գործնական առաջարկների համար։ Յուրաքանչյուր ռեժիսոր, որը կցանկանա այդ հարթակում որևէ բեմադրություն անել, կարող է առաջարկությամբ դիմել թատրոնի ղեկավարությանը»,-ընդգծում է Խաչատրյանն ու տեղեկացնում՝ հոկտեմբերի 13-ին DramaLab-ում տեղի կունենա «Սալոմե» ներկայացման առաջնախաղը, հոկտեմբերի վերջին հարթակում կլինի «Երեք քույր» դրաման։
«Սալոմե»-ի բեմադրիչը Գրիգոր Խաչատրյանի ուսանողուհի Արմինե Աբրահամյանն է։
«Արմինեն ներկայացումը բեմադրել է երկրորդ կուրսում։ Դա նրա կուրսային աշխատանքն էր։ Այն հատվածաբար արված չէր և դուրս էր լսարանային, ինստիտուտային ոճից։ Պիեսի ճիշտ ընտրություն էր, ճիշտ ընթերցում, ճիշտ մեկնաբանություն, շատ հետաքրքիր դերաբաշխում։ Դեռ այն ժամանակ մտածում էի՝ կցանկանամ, որ DramaLab-ը բացվի հենց այդ ներկայացմամբ։ Երկրորդ ներկայացումը հրավիրված ռեժիսոր Մաքսիմ Սոկոլովի «Երեք քույր»-ն է։ Սոկոլովը Յուրի Բուտուսովի ուսանողն է։ Ռուսաստանի Դաշնության թատերական գործիչների միությունն ուներ մի ծրագիր, որով ֆինանսավորում էր այն ռեժիսորներին, որոնք կարող էին ռուսալեզու ներկայացումներ բեմադրել արտերկրում։ Հենց այդ ծրագրի շրջանակում է բեմադրվել ներկայացումը»,-պատմում է Խաչատրյանը։
«Երեք քույր» ռուսալեզու բեմադրության նախահանձնումը տեղի է ունեցել Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում՝ թատրոնի և Երևանի մի խումբ դերասանների հետ համագործակցությամբ։ Գրիգոր Խաչատրյանը շատ է հավանել ներկայացումն ու որոշել այն ևս ընդգրկել DramaLab-ի խաղացանկում։ Կարծում է՝ նման համագործակցություններն արդյունավետ են թե՛ օտար լեզվով ներկայանալու, թե՛ օտարազգի ռեժիսորի հետ աշխատելու փորձառության, թե՛ դասական դրամատուրգիայի հետ առնչվելու առումով։
«Չեխով բեմադրելն այսօր շատ բարդ է։ Մեր իրականությունում այդ դրամատուրգիան մի քիչ խնդրահարույց է. մտածելակերպերի մեծ տարբերություն կա։ Հավանաբար, այն հանդիսատեսի դատին կհանձնենք հոկտեմբերի վերջին։ DramaLab-ի տոմսերը հնարավոր կլինի գնել բացառապես թատրոնի պաշտոնական կայքից՝ ydt.am-ից։ Այդ հարթակի տոմսերը չենք նախատեսում վաճառել տոմսարկղերում»,-տեղեկացնում է Խաչատրյանը։
Եթե Դրամատիկական թատրոնի մեծ դահլիճում ներկայացում դիտելու համար թատերասերները ներս են մտնում թատրոնի գլխավոր մուտքից, DramaLab-ի պարագայում այլ է. հանդիսատեսը թատրոն է մուտք գործելու ծառայողական մուտքից, ինչը հնարավորություն կտա տեսնել կուլիսները, նորովի բացահայտել թատրոնի շենքն ու անցուդարձը։
Գրիգոր Խաչատրյանը վստահեցնում է՝ ետնաբեմը տեսնելը հետաքրքիր կլինի, իսկ թատրոնի կախարդանքը չի կորի։
