Հայաստան

ՀՌՀ-ում քննարկվել են տեսալսողական հաղորդումների կարգավորման նոր չափորոշիչները

2 րոպեի ընթերցում

ՀՌՀ-ում քննարկվել են տեսալսողական հաղորդումների կարգավորման նոր չափորոշիչները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել քննարկում տեսալսողական հաղորդումների բովանդակության նկատմամբ նոր ընդունված չափորոշիչների և դրանց գործնական կիրառման վերաբերյալ, որին մասնակցել են հեռուստառադիո և հեղինակազորված ընկերությունների ներկայացուցիչները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է կառույցի տարածած հաղորդագրությունից, ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Արմինե Ներսիսյանը և Հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրել են տեսալսողական հաղորդումների բովանդակության նկատմամբ սահմանված նոր պահանջները՝ անդրադառնալով դրանց գործնական կիրառման իրավական առանձնահատկություններին և հնարավոր խնդրահարույց իրավիճակներին։

Մասնավորապես, ներկայացվել են այն չափանիշները, որոնց հիման վրա պետք է գնահատվի տեսալսողական հաղորդումների համապատասխանությունը սահմանված պահանջներին։ Անդրադարձ է կատարվել խտրականություն սերմանող, խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության, ինչպես նաև բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածման սահմանափակումներին։ Քննարկվել է նաև օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման չարաշահման արգելքը և դրա գնահատման չափորոշիչները։

ՀՌՀ ներկայացուցիչները հեռարձակողների ուշադրությունը հրավիրել են նոր կարգերի կիրառման ժամանակ կարևոր իրավական հանգամանքների վրա՝ պարզաբանելով սահմանված պահանջների գործնական կիրառման առանձնահատկությունները։

Քննարկման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում հեռարձակող ընկերությունների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հարցերը և գործնականում առաջացող խնդիրները։ Հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացված հարցերի վերաբերյալ տվել են պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում