Հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունների օրերը
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունների ժամանակացույցը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները տեղի կունենան Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը:
Համաձայն նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցի` քննության համար սահմանվել են հետևյալ օրերը` հուլիսի 23, 26, 27, 31, օգոստոսի 2, 3, 6, 8, 9, 13, 15, 17, 20, 22: Քննությունը կմեկնարկի ժամը 09։00-ին:
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 356 հավակնորդ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում