Հասարակական

Էկոհամակարգերի վերականգնումը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. այց «Խոր Վիրապ» պետական արգելավայր

5 րոպեի ընթերցում

Էկոհամակարգերի վերականգնումը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. այց «Խոր Վիրապ» պետական արգելավայր

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն տարի մայիսի 22-ին նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ հռչակված այդ օրը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել կենսաբազմազանության շարունակական կորստի համաշխարհային խնդրին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրվա խորհրդի համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել էր ԶԼՄ ներկայացուցիչների այց «Խոր Վիրապ» պետական արգելավայր՝ տեղում ծանոթանալու միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության ռեժիմի առանձնահատկություններին։

016A5415.jpg (453 KB)

Էկոհամակարգերի վերականգնումը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար, և ոչ միայն։ Դրանք նպաստում են նաև Կայուն զարգացման նպատակների իրագործմանը։

Էկոհամակարգերի վերականգնումը կարող է օգուտ տալ ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ տնտեսությանը և հասարակությանը։ Վերականգնման վրա ծախսված յուրաքանչյուր միավորի դիմաց միջին հաշվով կարելի է ակնկալել առնվազն ինն անգամ ավելի տնտեսական օգուտ։ Էկոհամակարգերի առողջությունը կարևոր պայման է հանրային առողջության համար, ինչպես նաև ԿԶՆ-ներին հասնելու համար:

016A5407.jpg (194 KB)

Այցի ընթացքում լրագրողներին է ներկայացվել տարածքի բարեկարգման պատմությունը և ծրագիրը։

Արգելավայրը ստեղծվել է 2007 թվականին՝ ՀՀ Կառավարության հունվարի 25-ի N 975-Ն որոշմամբ, 50,28 հա տարածքում։ Գտնվում է Արարատի մարզում։

Այն ջրաճահճային տարածք է և ընդգրկված է «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես` որպես ջրային թռչունների բնակավայր» Ռամսարի կոնվենցիայի միջազգային նշանակության ճահճային տարածքների ցանկում։

016A5170.jpg (597 KB)

Կարևոր տարանցիկ տարածք է ավելի քան 100 տեսակի չվող ջրային թռչունների համար, որոնցից 30-ը բնադրող տեսակներ են: Այն բնադրավայր է նաև ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիների մի շարք տեսակների համար, օրինակ՝ սովորական ջրասամույրի, որը որպես վտանգված տեսակ գրանցված է ՀՀ Կարմիր Գրքում։

Տարաբնույթ բնական ու անթրոպոգեն երևույթների հետևանքով «Խոր Վիրապ» ջրաճահճային էկոհամակարգի գոյությունը վտանգվել էր։

2019 թվականի աշնանը Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ «BirdLinks Հայաստան» ՀԿ նախաձեռնությամբ և «Կովկասի բնության հիմնադրամի» (CNF) ֆինանսական աջակցությամբ էկոհամակարգի վերականգնմանն ուղղված միջոցառումներ են ձեռնարկվել։ Ընդհանուր 1,61 հա տարածքում բնահենք լուծումներով ստեղծվել է երեք ջրաճահճային տարածքներից բաղկացած տարածք, որոնք առանձնացված են կղզյակներով: 2017-2019 թվականների ու միջամտությունից հետո՝ 2020–2021 թվականների դիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ ավելացել է տարածքում բնադրող ու չվող թռչունների քանակը, համապատասխանաբար, բնադրող թռչնատեսակների թիվը 38-ից դարձել է 55, իսկ կանգառող թռչնատեսակներինը՝ 31-ից 61։

016A5323.jpg (257 KB)

2024 թվականի ապրիլին կրկին վերականգնողական աշխատանքներ են իրականացվել տարածքում. ջրաճահճային էկոհամակարգի լիարժեք վերակենդանացման համար անհրաժեշտ են համապատասխան միջամտություններ ավելի ընդարձակ տարածքում։

Ելույթներով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Էլիզաբեթ Մեսուդը, ովքեր ներկայացրել են ետական գերատեսչության և միջազգային կազմակերպության համագործակցության մանրամասները, խոսել խոնավ ջրաճահճային տարածքների պահպանության առանձնահատկություններից և իրականացվող միջոցառումներից։

Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, BirdLinks Հայաստան ՀԿ նախագահ Կարեն Աղաբաբյանը ներկայացրել է տարածքի կենսաբազմազանությունը՝ հնարավորություն տալով լրագրողների թռչնադիտարկում իրականացնել։

Մեդիա տուրը նախաձեռնվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և BirdLinks Հայաստան ՀԿ-ն հետ համագործակցությամբ՝ Դրեզդենի համալսարանի Շրջակա միջավայրի կառավարման միջազգային հետբուհական հետազոտությունների կենտրոնի (CIPSEM) Էկոհամակարգերի վերականգնումը ԿԶՆ-ների համար UNEP/UNESCO/BMUV միջազգային SC87 դասընթացի շրջանակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում