Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 23-ին հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր:

«Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծում առանցքային հարցերի շուրջ մոտեցումներին և դրանց համաձայնեցման ուղղությամբ ջանքերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է երկու երկրների կողմից ամենաբարձր մակարդակում արտահայտված՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հանձնառությանը հավատարմության, պայմանագրում ամրագրման և հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի կարևորությունը: Այս համատեքստում ընդգծվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների վերջին հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի շուրջ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է թեմայի շուրջ վերջին քննարկումներն ու ՀՀ մոտեցումները, որոնք շարունակում են համահունչ լինել հանրահռչակված՝ ինքնիշխանության ու ազգային օրենսդրության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքներին:

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգին, այդ թվում՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական երկխոսության ձևաչափի շրջանակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում