Մշակույթ

Տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Քեզ համար, Շառլ» ցուցադրության բացումը

3 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Քեզ համար, Շառլ» ցուցադրության բացումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մայիսի 22-ին տեղի է ունեցել «Քեզ համար, Շառլ» ժամանակավոր ցուցադրության պաշտոնական բացումը:

Աշխարհահռչակ երգիչ ու կինոդերասան Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանին նվիրված այս ցուցադրությունը ներկայացնում է շանսոնյեի կյանքին ու գործունեությանը վերաբերող շուրջ 250 ցուցանմուշներ, որոնք ներառում են հազվագյուտ լուսանկարներ, պարբերականներ, ձայնապնակներ, ինչպես նաև Ազնավուրի մասնակցությամբ նկարահանված կինոնկարների ազդագրերի եզակի նմուշներ:

u2.jpg (321 KB)

Ցուցադրությունը կազմակերպվել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի համատեղ ջանքերով ստեղծված հավաքածուի հիման վրա:

u5.jpg (586 KB)

Բազմաթիվ այցելուների մասնակցությամբ տեղի ունեցած բացման արարողության ժամանակ ելույթ ունեցան Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարանի տնօրեն Զարուհի Հայրապետյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

Իր խոսքում ցուցադրության համակազմակերպիչ Ռալֆ Յիրիկյանը նշեց. «Շարլ Ազնավուրը այն արվեստագետն է, որը զգալի հետք է թողել համաշխարհային մշակույթի մեջ ու ստացել է մեծ ճանաչում ու սեր։ Բայց դրա հետ մեկտեղ նաև երբեք չի դադարել լինել հայ, հավատարիմ մնալ իր երկրին, իր ազգին, երբեք անմասն չի մնացել մեր ուրախություններին ու դժվարություններին։ Այսօր ես ուրախ եմ և հպարտ եմ, որ կարողացել ել մասնակից դառնալ այսօրվա միջոցառմանը, որը ևս նվիրված է այդ մեծ հային, որը ներկայացնում է մեր հայկական ինքնությունը»։

u4.jpg (694 KB)

Հայկ Դեմոյանն իր ամփոփիչ խոսքում արձանագրեց. «Շարլ Ազնավուրին իրավամբ կարելի է համարել 20-21-րդ դարերի մարդ-խորհրդանշան: Նրա արվեստը, երաժշտությունն ու ձայնը հիշողություններ ու ապրումներ ծնող մոգական ուժ ունեն: Միլիոնավոր մարդիկ հենց Շարլ Ազնավուրի ձայնով են վերապրում իրենց անցյալը, վերարժեվորում ներկան… Ազնավուրի անցած ուղին մաքառումների ճանապարհ է, որի արդյունքում ձևավորվել է նրա անհատականությունը` միլիոնավոր մարդկանց համար թողնելով հսկայական մի ժառանգություն: Շարլ Ազնավուրը Ֆրանսիան ու Հայաստանը կամրջող խորհրդանիշ է, որի իմաստն ու խորությունը ապագա սերունդները դեռ երկար ժամանակ կգնահատեն ու կվերաիմաստավորեն»:

Նախաձեռնողները նպատակադրված են ցուցադրության ավարտից հետո ողջ հավաքածուն նվիրաբերել Երևանում գործող Շառլ Ազնավուրի թանգարանին՝ մշտական ու ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպելու համար:

ւ1.jpg (553 KB)

Ցուցադրությունը գործելու է մինչև ս.թ. հուլիսի 22-ը: Մուտքն ազատ է:

u3.jpg (607 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում