Մշակույթ

Մոսկվայում կայացել է Մարիկա Գեւորգյանի «Ես այլեւս այստեղ չեմ ապրում» գրքի շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

Մոսկվայում կայացել է Մարիկա Գեւորգյանի «Ես այլեւս այստեղ չեմ ապրում» գրքի շնորհանդեսը

ՄՈՍԿՎԱ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակույթի բաժնի նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի է ունեցել Մարիկա Գեւորգյանի «Ես այլեւս այստեղ չեմ ապրում» գրքի շնորհանդեսը։  

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ գրական միջոցառմանը բացման եւ ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի բաժնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն, ով նշել է, որ բաժնի 6 տարվա գործունեության ընթացքում շնորհանդեսը հոբելյանական 200-րդ միջոցառումն է։  

«Գրքում պատկերվում է Հայաստանի մայրաքաղաք Երեւանը՝ իր հնամենի շենքերով ու կերպարներով։ Այստեղ յուրաքանչյուրս կարող ենք գտնել մեզ»,-նշել է նա։  

Հեղինակ Մարիկա Գեւորգյանի խոսքով՝ գրքում զետեղվել են տարբեր տարիներին գրված պատմվածքներ, նովելներ և կինոպատումներ: «Ստեղծագործությունների մեծ մասի գործողությունները ծավալվում են Հայաստանում, իսկ կերպարները ներկայացված են ժամանակի համապատկերում։ Այստեղ էականն այն է, որ պատմություններից շատերը իրական, հաճախ նաեւ իմ կյանքի դրվագներն են, որտեղ այս կամ այն ծանր իրավիճակում հայտնված մարդն ի վերջո որոշում է կայացնում արժեքի՝ մերձավորի հանդեպ սիրո օգտին»,-ընդհանրացրել է Գեւորգյանը։ 

Շնորհանդեսի ընթացքում գրքից դրվագներ են ընթերցվել։ 

Մարիկա Գևորգյանը ծնվել է Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա, ընդունվել Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ եւ այն ավարտել  երեք մասնագիտություններով՝ կինոդրամատուրգ, կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսեր, դրամատուրգիայի եւ ստեղծագործական առարկաների ուսուցիչ։ Մարիկան ապրում եւ աշխատում է Մոսկվայում։ Կինոդրամատուրգ է, ֆիլմի սցենարային վարպետության եւ դրամատուրգիայի դասախոս, Ռուսաստանի եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների  միության անդամ: Նա նաեւ մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում