Մշակույթ

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը

2 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում մահացել է դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջի միջոցով հայտնել է ամերիկաբնակ հեռուստահաղորդավարուհի Նունե Ավետիսյանը:

«Կյանքից հեռացավ հայ թատրոնի թագուհին։ Անկրկնելի, մեծ դերասանուհին… Մեր չքնաղ Վիոլետա Գևորգյանը, մեր աննման գեղեցկուհին։ Հայոց թատրոնը որբացավ նրա կորստով։ Լռեց բալի շուրթերով մեր հրաշքը»,-գրել է նա:

Վիոլետա Գևորգյանը ծնվել է Թբիլիսիում զինվորականի ընտանիքում։ Մանկությունն ու պատանեկությունն անցել են Թբիլիսիում։ 1966 թվականին հաստատվել են Երևանում,  որտեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն: Վիոլետա Գևորգյանը ստեղծագործական գործունեությունը սկսել է 24 տարեկանում։ Շուրջ 20 դեր է խաղացել  Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Առաջին գլխավոր դերը եղել է «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում։ Գևորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։ 1980 թվականին առաջին անգամ բեմադրված այս ներկայացման մեջ խաղացել է շուրջ 700 անգամ:

1991 թվականին բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:  Խաղացել է Տաթևիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ քաղցր տղան» ներկայացման մեջ՝ նվիրված Ղափլանյանի վաղամեռիկ որդուն:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում