Ռուսական «РОСДОРНИИ» ինստիտուտը հետաքրքրված է ՀՀ-ի ճանապարհաշինարարական շուկայով
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ռուսական «РОСДОРНИИ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Ստանիսլավ Նաբոկոյի գլխավորած պատվիրակությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը։
«РОСДОРНИИ» ինստիտուտը Ռուսաստանի ճանապարհաշինության բնագավառում հայտնի կազմակերպություն է և մասնագիտացած է տրանսպորտային պլանավորման, ավտոճանապարհների զարգացման, շինարարատեխնիկական փաստաթղթերի մշակման, նախագծման և այլ աշխատանքներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Հեռանկարային է համարվել գործակցությունը ճանապարհաշինության, փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման հարցերում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա քննարկումների միջոցով հստակեցնել համագործակցության կոնկրետ ուղղությունները և օգտագործել առկա ներուժը ոլորտը զարգացնելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում