Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ
2 րոպեի ընթերցում
![Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1031528.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում նա կոչ է արել լիարժեք կատարել Մոսկվայում կողմերի ստանձնած կրակի դադարեցման պարտավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Բանակցությունների ընթացքում Սերգեյ Շոյգուն իր գործընկերներին կոչ է արել լիովին կատարել ադրբեջանական և հայկական կողմերի պարտավորությունները՝ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների», - ասված է հաղորդագրությունում:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:
Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: